Եվ Ալմոյի շուշան ճակատ
Կայլակում էր մարդ արյուն,
Իսկ սուրբ մարմնից հոգին ազատ
Բաժանվում էր անխոսուն…։
Բայց յուր չքնաղ սևուկ աչեր
Վերջին անգամ նա բացավ,
— «Մնաս բարով, իմ քաջ Ավո…»:
Մեղմով ասաց ու մեռավ…։
Հերոսն իսկույն ծնկան իջավ,
Գրկեց սիրած հարսի դին,
Հանգչող շրթանցն համբույր տվավ
Եվ արտասվեց դառնագին։
Այս առաջին արտասուքն էր,
Որ նա թափեց իր կյանքում,
— «Գնա, Ալմո, քո ետևից
Ահա գալիս եմ իսկույն…»
Ասաց քաշեց նա պատյանից
Յուր պողպատե հատու սուր
(Զի չէր կարող կռվել հեռվից
Հատել էր յուր պատրաստ հուր)։
— «Մեռնելու ժամն արդեն հասավ»
Որոտաց նա դուրս վազեց,
Եվ վիրավոր առյուծի պես
Ինչպես հանկարծ անտառի մեջ
Փրթկում է գոռ, փոթորիկ,
Ծառեր, կոճղեր միմյանց տալով
Ջարդում, փշրում է սաստիկ.
Այսպես Ավոն սուրը ձեռին
Կռվող զորքի մեջն ընկավ։
Նրա աչքերն արյունախանծ,
Շունչը ինչպես վառ հրատ,
էլ չէր նայում հետ ու առաջ
Հարվածում էր անընդհատ։