շնորհիվ անսասան դաոնա մեր միությունը և հարատև՝ մեր երջանկությունը...
Կրկին համբույր սիրելի շրթանցդ և սիրասուն հրեշտակներիդ։
Իմ անուշիկ և աննման Ոսկի.
Չես կարող երևակայել, թե երեկ որտեղ էի. ինչ ճանապարհներով էի ման գալիս... Մի երկու պարոններ շաբաթ օրը առաջարկեցին ինձ ձիով զբոսանք։ Կիրակի առավոտ ժամ 6-ին արդեն մենք բարձրանում ենք այնտեղ, ուր, մի անգամ, մի քառորդ ժամ սպասում էիր դու ինձ և որտեղից մենք բարձրացանք Բոտանիկական այգին... Այստեղ այնպես է հոգիս թռչում դեպի անմոռանալի անցյալը, որ ես կամենում եմ մի քանի վայրկյան մոռանալ ասելիքս, ես մտածում եմ այն հովաշունչ առավոտի մեջ, երբ մենք հովանավոր ծառի տակ նստարանի վերա նստած սիրախոսում էինք։ Այդ ժամանակ դու առույգ և սիրապատար՝ իսկ ես չգիտեմ ինչից անհանգիստ էի․ դու ինձ ծաղրում էիր, թե՝ «Քնիր, ես իմ ծունկս քեզ համար բարձ կշինեմ», և մենք ծիծաղում էինք։ Ով քաղցր և միշտ երանելի անցյալ, որ երբեք չես դադարում ամենաբախտավոր ներկային անգամ գերակշռելուց... Եվ վերջապես, սիրելիս, մենք գնում էինք Կոջոր։ Որքան էլ որ ինձ համար անհամ է առանց քեզ քաղաքի դրսերում ճանապարհել, այսուամենայնիվ ես այս անգամ սիրով էի դիմում դեպի այն ճանապարհները, որտեղով մի օր տրոյկի վերա երկուսս միասին նստած քաղցրախոսելով բարձրանում էինք. Օ՛ որքան տխուր և միևնույն ժամանակ որքան անուշ տպավորություն արավ ինձ վերա այն խրճիթ-խանութը, ուր ես և դու կաթ խմեցինք տրոյկի վերա նստած, իսկ կառապանին գինի հրամեցրինք։ Ես հիշում էի քո պարզ հագուստը, քո հարդյա գլխարկը,