ԼԵՊՈՐԵԼԼՈ- Իսկ վաղը թագավորին կհայտնեն,
Թե Դոն Ժուանը աքսորից
Դարձել է Մադրիդ, ինքնակամ։
Այն ժամանակ գիտեք
Ինչ կանե նա ձեզ։
ԴՈՆ-ԺՈԻԱՆ— Հետ կդարձնե
Հարկավ, գլուխս չեն կտրիլ.
Ես պետական հանցավոր չեմ,
Նա ինձ հեռացրեց, միայն ինձ սիրելուց,
Որպեսզի սպանյալի ընտանիքը
Հանգիստ թողնե ինձ։
ԼԵՊՈՐԵԼԼՈ— է՜հ, լա՜վ, տեղդ հանգիստ նստեիր...
ԴՈՆ-ԺՈԻԱՆ— Խոնարհ ծառա եմ
Քիչ էր մնում, որ այնտեղ
Ձանձրույթից մեռնեի.
Ինչ երկիր է այն,
Իսկ երկինքը— կարծես ծխապատ.
Հապա կանա՜յք... Այո, իմ տխմար Լեպորելլո,
Անդալուզիո վերջին գեղջկուհին
Չեմ փոխիլ ես այնտեղի
Առաջին գեղեցկուհիների հետ։
Հավատա ինձ, նրանք սկզբում
Դյուր եկան ինձ իրենց կապույտ աչերով,
Սպիտակությամբ, համեստությամբ.
Եվ մանավանդ, որ նոր էին ինձ համար։
Բայց փառք աստուծո, շուտով հասկացա,
Եվ տեսա, որ նրանց հետ ճանաչվիլն էլ մեղք է.
Նրանց մեջ կյանք չկա, ճիշտ մոմե տիկնիկներ են.
Իսկ մերոնք... Բայց լսի՛ր.
Այդ տեղը ծանոթ է մեզ,
Դու ճանաչեցիր։
ԼԵՊՈՐԵԼԼՈ— Ինչպես չէի ճանաչիլ. Անտոնյան մենաստանն է
Հիշում եմ, շատ անգամ ենք եկել այստեղ։
Այս անտառակում ես ձիաներն էի պահում.
Անիծյալ պաշտոն է, պիտի խոստովան եմ…
Այստեղ դուք ավելի հաճոյական ժամեր