Այս էջը հաստատված է

հիմքերը, որոնք անխորտակ էին բոլոր հողմերի հանդեպ, Մուրացանը համարում է «գեղջուկ խրճիթները»։ Այդ առթիվ «Գևորգ Մարզպետունի» վեպում խոր համոզումով նա գրել է.«Այն գեղջուկ խրճիթները, այն աննշան տնակները, որոնց մեջ ապրում են ցնցոտիներով ծածկված մանկտիք և որոնց շատ անգամ արհամարհում են մեծամեծ իշխանները, նույնիսկ դրանք են, որ ամփոփում են իրենց մեջ հայրենիքի ուժը»։ Բերված տողերը բնորոշում են Մուրացանի դեմոկրատական աշխարհայացքի էույթյունը։ Մուրացանի ստեղծագործության պաթոսը «զգացմունքներից ազնվագույնի»` հայրենիքի սիրո ջատագովությունն է և իր ժողովրդի բարձր հատկությունների ու աննկուն ոգու դրվատանքը: Մուրացանը աշխատավոր ժողովրդին ծառայելու վեհ նպատակադրմամբ սկսել և մինչև վերջը շարունակել է իր գրական գործունեությունը։ Նա ոգևորվում և թևավորվում էր այն գիտակցությամբ, որ իր գործերը նպաստում են իր ժողովրդի առաջընթացին ու մտավոր զարգացմանը։ Սակայն, չնայած այն ճշմարտությանը, որ Մուրացանը ժողովրդանվեր գրող է, անշահախնդիր ծառայել է հայրենի գրականության զարգացմանը, այն հարստացնելով իր ընտիր գործերով, այնուամենայնիվ բուրժուական քննադատությունը Մուրացանի անունը անվերապահորեն կապում էր պահպանողականության հետ, նկատի ունենալով նրա աշխատակցությունը «Նոր-Դար» լրագրին և ելակետ ընդունելով այդ լրագրի պահպանողականության օրվան հորջորջելը։ Բայց, ինչպես ազնիվ մետաղները չեն ժանգոտում մթնոլորտի ազդեցությունից, այնպես էլ, Մուրացանի գեղեցիկ գործերը չէին արժեքազրկվում աչառու քննադատությունից և նրանց հեղինակը արհամարհելով հավակնոտ գրչակների աղմուկը, աներկյուղ շարունակում էր իր ստեղծագործական առաջընթացը:

Մուրացանի ստեղծագործության մեջ կարևոր տեղ է գրավում քաղաքի նկարագրությունը: Քաղաքի թեմայով գրված գործերում նա պատկերել է քաղաքաբնակ խավերի կյանքը և կերտել բազմազան ամբողջական կերպարներ։ «Հասարակաց որդեգիրը», «Հարուստները զվարճանում են», «Ի՞նչ լայեղ է», «Անպատճառ իշխանուհի», «Լուսավորության կենտրոնը» գործերում հեղինակը շոշափել է կարևոր հարցեր և արձագանքել «ժամանակակից ցավերին»։ Այդ գործերի մասին Մուրացանը շեշտել է, որ դրանք ուղղված են «Բարձր դասակարգի հայ ընտանյաց դեպի ազգային գործերն ունեցած անտարբերության և նրանց մեջ արմատացած մի քանի թերությունների դեմ»։ Չնայած գրաքննության կատարած անդամահատություններին, հիշատակված գործերում խիստ դիպուկ, բայց «թաքուն» ձևով քննադատված է ցարիզմը, դատափետված են օտարամոլությունն ու կեղծ հայրենասիրությունը։ Մուրացանը հետամուտ է եղել իր ժողովրդի ազգային նկարագրի անաղարտության պահպանմանը և այդ դիրքերից էլ քննադատել է ազնվական ու առևտրական դասերին` հարստահարիչ մեծատուններին։ Հասարակական այդ դասերի ընտանեկան կյանքի մեջ ներխուժած նորաձևություններին, զեխություններին ու ցոփություններին, բարոյական ախտերին ազնիվ զայրույթով է վերաբերվել Մուրացանը։

Մուրացանի գրվածքների շարքում կարևոր տեղ է գրավում «Հասարակաց