Քաղաքում «թագավորում է» ինքնապաշտ ժամանակի «հերոսը»` դրամը, որի ազդեցության ներքո խեղանդամվել է մարդը իր ներաշխարհով, հոգեպես, բարոյական նկարագրով: Այդ բոլորի հետևանքով անձնվերությունը դարձել է «անգյուտ»։ Վեճ չի կարող լինել այն մասին, որ նման պայմաններում ավելի է բարձրանում անձնվիրության նշանակությունը:
Ուստի պատահական չէ, որ Մուրացանը «Խորհրդավոր միանձնուհի» վիպակին գրել է այդ գաղափարն արտահայտող հետևյալ բնաբանը. «Ամենավատթար դաստիարակությունը նույնիսկ, անձնուրացություն է սովորեցնում, լավագույն է, քան այն դաստիարակությունը, որ անձնուրացությունից զատ ամեն բան սովորեցնում է»։
Մուրացանի հայեցակետն այն է, որ լավագույն դաստիարակությունը անձնուրացության դաստիարակությունն է, որովհետև նա խոստանում է և տալիս «բազում արդյունս»։ Վիպասանն իր այս տեսակետը հիմնավորում է քույր Աննայի գործունեությամբ, նրա հասարակությանը պարգևած բարիքներով։
Աննային հաջողվել է գյուղում ստեղծել «հասարակաց» շտեմարան, նախիր, փոխատու գանձարան և որ գլխավորն է «հաստատուն հոգի» վրա դնել դպրոցական գործը գյուղում։ Այդ ամենը նրան հաջողվել է շնորհիվ անձնազոհության։
Աննան գողտրիկ զգացմունքների, սուրբ գաղափարների և ազնվագույն ոգևորության մի ամբողջ աշխարհ է:
Հայրենասիրական և մարդասիրական կրթության ու ճիշտ դաստիարակության շնորհիվն է, որ Աննան դարձել է անշահախնդիր գործիչ: Նա պարտական էր իր «անզուգական» և «հայրենավառ» ուսուցչին՝ Գարեգինին։ Խոսելով իր ուսուցչի մասին, Աննան ասում է. «Նա աշխատել է զարթեցնել մեր սրտերում սիրո գեղեցիկ զգացում: Եվ նրա աշխատությունը ապարդյուն չէր անցնում։ Գոնե իմ վերաբերմամբ կարող եմ ասել, ոը յուրաքանչյուր դասից հետո ես ինձ զգում էի մի տեսակ փոխված, մի ինչ որ թեթև ու բարձր մթնոլորտում, ինձ թվում էր, թե այդ միջոցին ես ավելի եմ սիրում ինձ շրջապատողներին, ավելի քաղցր ու ներող աչքով նայում նրանց թերություններին։ Ինչ վերաբերում է ազգային պատմության, դա արդեն ոգևորության անսպառ աղբյուր էր մեզ համար: Ուսուցիչն այդ առարկան ավանդում էր մեզ ոչ իբրև սիրո դաս, այլ իբրև հոգի, կենդանացնելով մեր առաջ անցյալը և սովորեցնելով ներկայի համար՝ նրանից օգտվելու ճանապարհը»։
Ազգային պատմության հարցը և ազգային լեզվի խնդիրը հարևանցի կերպով չէ, որ շոշափվում է «Խորհրդավոր միանձնուհի» վիպակում: Ավելին: Չափազանց սրված են այդ երկու հարցերը, ինչպես մատնանշված գործում, այնպես էլ հեղինակի մյուս գործերում, որոնք վերաբերում են գյուղին և գյուղացիությանը։ Այդ միտքը ավելի հստակ ձևով ընդգծված է Գարեգինի՝ իր աշակերտուհիներին նվիրած գրքերի փաստի մատնանշումով, գրքեր, որոնցից գլխավորը Եղիշեի «Պատմությունն» է, որի հիման վրա աշակերտությունը սովորում է մայրենի լեզու և ազգային պատմություն: