քննադատությունը Մուրացանի գյուղագրական երեք գործերումն էլ խորքով է արտահայտված, բայց գրաքննական արգելքներից խուսափելու նպատակով բավականաչափ վարագուրված ձևով: Հայ գյուղի «ավերանոցի» վերածվելու, հիմնական չարիքը ցարիզմի հայաձուլիչ քաղաքականությունն է։ Հայ գյուղում վխտացող ցարական պաշտոնյաները՝ պրիստավը, անտառապետը, դատական գործակալները ազգային ցեցերի հետ միասին դաժանորեն կեղեքում են հայ գյուղը հյութաքամ անելով հայ գյուղացուն։ Սխալ կլիներ եզրակացնել, թե Մուրացանի ըմբռնմամբ գյուղական աշխատավոր ժողովրդի «կենդանության ուժը» նվազում ու սպառվում է միայն համատարած տգիտության պատճառով։ Ո՛չ։ Գյուղն ավեորող դևը՝ ցարական բռնակալությունն է։ Այդ մասին զարմանալի հնարամտությամբ, գրական խիստ ինքնահատուկ հնարանքներով վիպասանը անողոք մերկացումներ է կատարել «Խորհրդավոր միանձնուհի», «Նոյի ագռավը» և «Առաքյալ» գրվածքներում։
Մուրացանի ակնարկը թափանցիկ է, հայ գյուղի ավերանոցի վերածողները նախ և առաջ ցարերն են:
Ցարիզմի քննադատության և Մուրացանի բարձր մարդասիրության տեսակետից հատուկ ուշադրության է արժանի հրեաների նկատմամբ պաշտպանած կարծիքը. «իզուր է աշխարհը հայհոյում հրեաներին, թե նրանք չեն պարապում ծանր աշխատանքով, թե նրանք երկչոտ են, խաբող վաշխառու և այլն։ Այդ հո իրենք չե՞ն այդպես արել իրենց. այլ աշխարհի բռնապետությունը։ Եթե այսօրվա հրեան, որի նախահայրերը, ըստ Մաքս Նորդաուի «շիտակ են եղել և հպարտ», փախչում է աշխատանքից, այդ նրա համար է, որ նրա երակներում դեռ վազում է եգիպտացվող աղյուսե գործարաններում չարաչար աշխատող հրեայի արյունը։ Եթե նա ստում է, թաքցնում, այդ նրա համար է, որ հրեական արուները խեղդող Փարավոնի և Երուսաղեմի գերյալներ այրող Նաբուգոդոնոսորի ներշնչած սարսափը դեռ հալածում է նրան։ Եթե նա խնամում և պինդ բռնում ոսկու քսակը, նրա համար է, որ նույն ոսկու զորությամբ հին բռնակալների կատաղությունը մեղմող և խարույկահանդեսների կրակը մարող հրեաների հոգիները դեռ շշնջում են այսօրվա հրեայի ականջին, թե՝ «ոսկու մեջ է միայն քո փրկությունրը»: Մուրացանի այսպիսի ջերմ վերաբերմունքը և դրվատանքը հրեաների նկատմամբ բխում է՝ ցարիզմի հանդեպ նրա ունեցած ատելությունից, ուստի և հանդիսանում է սուր քննադատություն ցարիզմի՝ հրեաների նկատմամբ վարած հալածիչ վայրագ քաղաքականության դեմ։
Ցարական բռնության և ձուլման քաղաքականության դեմ պայքարելու, ազգային անկախություն ձեռք բերելու և ինքնուրույն պետականություն ստեղծելու գաղափարախոսությամբ են հագեցած և պատմագեղարվեստական երկերը, և գյուղագրական գործերը ու ոչ միայն դրանք։ Մուրացանի գյուղագրական գործերի համար հատկանշականը ազգապահպանման գաղափարն է իր լայն ու բուն նշանակությամբ։ Մայրենի լեզուն ազգաձուլման վտանգի դեմ մղվող պայքարում կարևորագույն կռվան է, ուստի