գյուղ է եկել գործելու, ոչ թե զրկանքներ կրելու պատրաստակամությամբ, սեփական եսը վերջին պլանը մղելու, անշահախնդիր ծառայելու գյուղացիությանը, այլ միայն երևալու և փառքի հասնելու բուռն ձգտմամբ։ Ուրեմն բացակայում է գլխավորը՝ հայրենասիրությունը, ժողովրդասիրությունը։ Ուստի և ուսանողական ժողովում արած իր խոստման և կնքած ուխտը նա դրժում է։ Նրան համակած ոգևորությունը խիստ վաղանցուկ է լինում։ Գյուղում իր գործը հազիվ սկսած «առաքյալին»՝ Կամսարյանին «բախտը չի ժպտում», նրան բաժին են ընկնում միջատների կծոցները, անձրևի կաթիլքը, թեյի բաժակի մեջ թափված հարդի կտորները, որոնք ավելի են բորբոքում փախուստի տրամադրությունը։ Սակայն տհաճ զգացումները չէին կարող նրա մեջ գյուղը լքելու տրամադրություն առաջացնել, եթե նրան չպակասեր անձնուրացության կամեցողությունը և կախարդական ուժով չձգեին Ադելինայի սերն ու կարոտը, ինչպես նաև բորժոմյան ամառանոցային փարթամության մեջ վայելքներին անձնատուր եղած ծնողների՝ Կիրիլ Կարպիչի և Լիդա Պավլովնայի կանչը։ Ուսանողական ժողովում տված բարձրաձայն խոստումը հօգս է ցնդում, «ավերանոց» հայ գյուղը՝ ճապոտիկը՝ Չիբուխչին այլևս չի զբաղեցնում Կամսարյանին, հեշտությամբ մոռացության է տրվում նրա կողմից և նա համերաշխում է իր ծնողների հետ, որոնց կարծիքով նվաստություն է, որ իրենց որդին ծառայություն մատուցի «կռոներին»։ Եսը հաղթում է հանրայինին, գյուղացու շահը ստորադասվում է «առաքյալի» անձնական շահին, Ադելինան և Բորժոմը գերադասելի հայ գյուղացուց ու Չիբուխլիից։
Այսպիսով, Պետրոս Կամսարյանը փախուստի դիմելով, իր այդ գործողությամբ իսկ դիմակազերծում է իրեն, հանդես է գալիս որպես կեղծ առաքյալ։ Վիպասանը հեգնական իմաստով է գործածել առաքյալ բառը, այն համարժեք է նոյի ագռավին։ Առաջինը քաղաքից է գյուղ գալիս գործելու։ Բայց փախստակում է, դառնում դասալիք, իսկ երկրորդը գյուղից քաղաք է գնում և խորթանում գյուղին, դրժում է գյուղը։ Մուրացանն այն կարծիքի է, որ եթե ուսյալ երիտասարդությունը և առհասարակ մտավորականները՝ «գործողները» գերի չդառնան իրենց անձնական շահերին և հաստատատամիտ վճռականությամբ ու անձնվիրաբար գյուղ գնան և սրտանց փարվեն գյուղը լուսավորելու շնորհակալ գործին, նրանք անպայման կկարողանան իրենց գործը պսակել հաջողությամբ։ Նա իր այդ տեսակետի ճշտությունը ջանադիր կերպով ցույց է տվել քույր Աննայի գործունեության միջոցով և նույնիսկ Կամսարյանի մի քանի օրվա ընթացքում գյուղում կատարած աշխատանքի վերհանումով։ Ծայրահեղ աղքատ Սայու դրությունը թեթևացնելու գործում Կամսարյանը կատարում է շոշափելի գործ, նրան հաջողվում է հետ վերադարձնել տալ Սայու բռնագրավված ձին և կովը, Խոջա Միրզայի պահանջած ու դատարանի վճռով որոշված 131 ռուբլու դիմաց Սայու պարտքը մարել է տալիս 28 ռուբլի խոջային վճարելով։ Ցարական պաշտոնյաները՝ պրիստավը, անտառապահը, իրենց միջամտությամբ խանգարում են գյուղացու շահերի պաշտպանությանը, բայց նույնիսկ այդ պայմաններում, իսկական առաքյալները կարող են նպաստել