Այս էջը հաստատված է

գյուղացու վիճակի բարելավմանը, և գյուղի լուսավորության գործը դնել բարվոք վիճակի մեջ։ Այսպես է մտածում Մուրացանը։ Նա այն համոզման է, որ բուրժուական մտավորականությունը զուրկ է ազգասիրական զգացմունքից և անընդունակ անձնվեր հայրենասիրական գործերի։ Հետևաբար չի կարելի նրա հետ հույսեր կապել և նրանից ակնկալիքներ ունենալ։ Այդ բանն է ահա, որ նա ապացուցել է «Առաքյալ» վեպում։ Մուրացանը միմյանց է հակադրել կրթյալ, «առաքյալին»՝ փաստաբան Կամսարյանին և Չիբուխլուի վարժապետին՝ Մոսիին։ Տիրացու Մոսին, որ կատարում է գյուղի դպրոցի վարժապետի պաշտոնը, նույնիսկ լրիվ չգիտե հայոց այբուբենը, բայց նա չի հեռանում գյուղից, ճիգ է թափում օգտակար լինել գյուղացիներին, նա վատ թե լավ, գյուղի երեխաներին կարդացնում է իր «դպրոցում»։ Եթե նույնիսկ տիրացու Մոսին իր խղճուկ գրագիտությամբ հնարավորություն ունի օգտակար գործ կատարել լուսավորության ասպարեզում, ծառայել գյուղացիությանը, ապա անվիճելի է, որ կրթված առաքյալը՝ Կամսարյանը անհամեմատելի դրական դեր կարող է կատարել գյուղացուն օգնելու, նրա մանուկներին կրթություն տալու և գյուղի լուսավորության գործը առաջ մղելու ասպարեզում։ Փույթ չէ, որ Մոսին «ճաթ» հաց է, նա մի հաց է, որ կանխում է սովամահության վտանգը, ուստի նրանից հրաժարվել չի կարելի այնքան ժամանակ, որքան ժամանակ դեռ չկա և չի լինելու ցորեն հացը։ «Ցորեն հաց» առաքյալը՝ Կամսարյանը «ճաթ հաց» Մոսին հակապատկերներ են։ Մուրացանը անվերապահորեն չէ, որ ընդունում է Մոսիին, բայց նա կտրականապես վճռված է համարում այն հարցը, որ Կամսարյանները սնապարծ ու փառամոլ մարդիկ են և անտարբեր հայ գյուղացու ճակատագրին։ Մուրացանի համոզումը անդրդվելի է, գյուղացին հարկադրված է շարունակել «տապակվել իր յուղով», հանդուրժել Մոսիներին։ Բուրժուական մտավորականության խոսքի և գործի հակասությունը և անհամատեղելիությունն է, որ մերկացվել է «Առաքյալի» մեջ։ Մուրացանն իր գյուղագրական բոլոր գործերում առանձնակի ուշադրություն է նվիրել դպրոցի դերի նշանակությանը։ Դպրոցն է, որ պետք է ուժ և կորով ներշնչի ու առաջ մղի տգիտության և խավարի բռնության դեմ մղվող պայքարը։ Ուսման և կրթության հարցերի արծարծումը անբաժան է ընտանիքի, կնոջ ու մոր կոչման հարցերից։ Մուրացանն առանձնակի նշանակություն է տվել մայրական կոչմանը։ Նրա համոզմամբ «մոր կոչումը մեծ է և սուրբ», որովհետև ազգի բախտը և «եկող սերնդի ապագան նրա ձեռքումն է գտնվում», ուստի մայրերից է կախված սերնդին երջանիկ դարձնելու խնդիրը, քանի որ մանկությունն իր մեջ կրում է «կատարյալ հասակի արմատները»։ Ընդհանրական եզրակացությունն այն է, որ «չպետք է տարակուսել այն սերնդի առաքինության վրա՝ որին դաստիարակում են առաքինի մայրեր։ «Առյուծներն աղվեսներին կաթ չեն ճամփում և ոչ էլ դյուցազնուհիները գաճաճներ են սնուցանում։ Ավելի մեծ է այն ազգը, որ արժանավոր մայրերով է հարուստ, քան այն ազգը, որ յուր թնդանոթներով է պարծենում։

Մուրացանը ինչպես է դնում մայրենի կրթության և նրանց հասարակական