չէ, որ ինչպես հեղինակի կենդանության օրոք, այնպես էլ ետմահու շրջանում Ռուզան»-ի ներկայացումները միշտ էլ հանդիսականների կողմից ընդունվել են ջերմությամբ։ «Հայրենասեր օրիորդի»՝ Ռուզանի օրինակը, իր անձը հայրենիքի զոհասեղանին նվիրյալը խորապես հուզում ու խանդավառում էր անցյալում օտարի լծի տակ հեծող հայ ժողովրդի ազնիվ դուստրերին: Այսօր ևս նա հայրենասիրական լիցք է տալիս։ Թե որքան խոշոր է եղել «Ռուզանի» հայ հասարակության բոլոր խավերի վրա ունեցած բարոյական ու գաղափարական բարերար ազդեցությունը, երևում է նաև այն բանից, որ անցյալ դարի 80-ական թվականներից սկսած մինչև մեր օրերը շատ ու շատ ծնողներ իրենց աղջիկների անունը դրել են Ռուզան։ Ցարիզմի և սուլթանիզմի դեմ ատելություն բորբոքելու, հայության մեջ հայրենասիրության հուրը բոցավառելու գործում անուրանալի դրական դեր է կատարել «Ռուզանը»։ «Ռուզանը» եղել և մնում է Մուրացան ի պատմական երկերի ծիծեռնակը, իսկ արծիվը՝ «Գևորգ Մարզպետուն»-ն է։ Բացառությամբ Աբովյանի «Վերք Հայաստանի» և Րաֆֆու «Կայծերը» ու «Սամվելը» վեպերի, մինչև դարավերջը, ուրիշ ոչ մի վեպ չի ունեցել այնպիսի արտակարգ ջերմ ընդունելություն, ինչպես «Գևորգ Մարզպետունի» պատմական վեպը: Եվ այն միանգամայն բնական է: Այդպիսի ջերմ ընդունելությունը բացատրվում է նրանով, որ «Գևորգ Մարզպետունի»-ն, իրոք, արվեստի իսկական կոթող է։ Մարացանն այդ վեպում պատկերել է մեր ժողովրդի պատմական անցյալի ծանր ժամանակներից մեկը՝ արաբական տիրապետության դեմ 10-րդ դարում մղած ազատագրական հերոսական պայքարի պատմությունը։ Մուրացանին աղբյուր են ծառայել Թոմա Արծրունու և Հովհաննես Դրասխանակերտցու պատմությունները: Բայց այդ փայլուն գործը ջերմություն է ստացել Խորենացու և Եղիշեի հայոց պատմության բորբ կրակից: Թե արաբական տիրապետության դեմ մեր ժողովրդի մղած հերոսական պայքարը որքան դժվար է եղել, վառ կերպով վկայում է մեր չնաշխարհիկ էպոսը՝ «Սասունցի Դավիթը»՝ դյուցազնական սխրանքների դյուցազնաերգությունը։ Մուրացանը իր այդ հոյակապ վեպը գրելիս օգտվել է նաև մեր ազգային հերոսական էպոսից։ «Գևորգ Մարզպետունի» վեպի գլխավոր հերոսը հայ ժողովուրդն է և նրա անվեհերության ու անպարտելիության ջատագովությունը կազմում է վեպի շունչն ու հոգին։ Ստեղծագործաբար յուրացնելով Աբովյանի, Ծերենցի և Րաֆֆու լավագույն տրադիցիաները, Մուրացանը շարունակեց հայ պատմավիպագրության զարգացման գործը, դառնալով այդ ժանրի առաջնակարգ վարպետներից մեկը, գագաթների կողքին բարձրանալով որպես նոր գագաթ։ «Գևորգ Մարզպետունի» վեպում հայրենիքի զավակների ու արտաքին թշնամիների և կենտրոնաձիգ ու կենտրոնախույս ուժերի միջև տեղի ունեցած պայքարը բացառիկ վարպետությամբ է նկարագրված։ Ընթերցողը պատկերացում է ունենում ինչպես արտաքին, այնպես էլ ներքին թշնամիների դեմ, հայ ժողովրդի դեմ մղած հերոսական պայքարի մասին։ Բայց չի կարելի չնկատել նաև այն, որ Աշոտ Երկաթի դերը պատմական իրողություններին անհավասար զուգակշռությամբ է նկարագրված վեպում:
Էջ:Muratsan, vol. 7.djvu/405
Այս էջը հաստատված է