հայրական թուլությունը, և նա համակվում է այն սուրբ երկյուղով, թե կարող է պատահել, որ մի անարգ հագարացու սուրը մխվի «միամոր որդու» կողը և նրա կենաց արևը խավարեցնե…» ու նա հավիտյան զրկվի նրանից իր կյանքի «միակ մխիթարությունից»։ Մարզպետունու տվյատանքը մեծանում է այն գիտակցությունից, որ եթե իրոք տեղի ունենա այդ դժբախտությունը, անդարձ կորուստը, ի՞նչ լուր նա տանի Գոռի մորը… Եվ ապա հարց է ուղղում իրեն, թե ինքը «արդյոք մի անգութ մի բարբարոս» չէ՞, ինչո՞ւ չի արգելում որդուն պատերազմի դաշտում չմնալ ու չի ստիպում վերադառնալ Գառնի։ Հայրը սոսկում է այն սարսափից, թե գուցե չարաբաստիկ հանգամանքները հանգեցնեն «Մարզպետունյաց տան վերջին ճրագը» խավարեցնելուն։ Բայց նա անմիջապես զգաստանում է, անձնվեր հայրենասերի կամքի մեծ ուժով վճիռ արձակում այն մասին, որ բոլոր զինվորների մայրերն էլ պետք է ձգտում ունենան նահատակների ծնողներ հռչակվելու։ Թուլասիրտ հայրը պարտվում է և հաղթանակում է հայրենասեր զինվորը։ Մարզպետունու վերջնական վճիռը լինում է հետևյալը. «իմ Գոռը հավիտյան հո չի ապրելու. մահը վաղ թե ուշ պիտի փակե նրա աչքերը, կարող է պատահել, որ նա մեռնի հենց իմ հարկի տակ, մի ապիրատ դավաճանի թաքուն հարվածից…, ինչու ուրեմն, չկամենալ, որ այդ թուրը հանդիպե նրան հայրենիքի համար մղված կռվի դաշտում. ինչո՞ւ չցանկանալ, որ անփառունակ մահվան փոխարեն նա մարտիրոսական պսակ ստանա, ինչո՞ւ չմխիթարվել այն քաղցր մտքով թե աշխարհի մեջ ունեցածս ամենաթանկագին հարստությունը իմ հայրենիքի ազատությանը նվիրեցի… Եվ վերջապես մի՞թե իմ Գոհարը որդվո մահը լսելուն պես չի կարող հերոս Հելլենուհու նման ասել, թե «հենց դրա համար ծնեցի որդիս…»։
Որ Մուրացանը միայն «ժողովրդապաշտ» է և ոչ թե «հերոս» անհատների «երկրպագու», այլ ժողովուրդ հերոսին սիրող վիպասան և առաջնության դափնեպսակը միայն ժողովրդին նվիրող, ապացուցվում է նաև նրանով, որ մինչև իսկ Մուրացանի «գերագնահատած» «հերոս» անհատները՝ քույրը Աննան և Գևորգ Մարզպետունին հատուկ ընդգծում են ժողովրդի առաջատար դերը։ Քույր Աննան ասում է. «Ես այն կարծիքին եմ, թե մի գործ մշտնջենավոր անելու համար, անհրաժեշտ է, որ սկսող մարդը գործի գոյությունը իր գոյության հետ չկապե։ Հակառակ դեպքում գործը մեռնում է, եթե մեռնում կամ հեռանում է գործի հիմնադիրը։ Մեր մեջ, առհասարակ, շատ օգտավետ գործեր ոչնչանում են նույնիսկ իրենց հիմնադիրների փառամոլության շնորհիվ։ Որովհետև քիչ չէ թիվն այն մարդկանց, որոնք մի հասարակական բարի գործ սկսում և առաջ են տանում ոչ թե նրա համար, որ հասարակությանը օգնեն, այլ նրա մեջ երևան և նրանից փառք ու պատիվ վայելեն։ Այդպիսիսները, մինչև անգամ, չեն ցավում, եթե իրենց հեռանալուց հետո ընկնում, ոչնչանում է գործը, որովհետև այդ առիթ է տալիս նրանց ապացուցելու, թե իրենք հայտնի ուժեր են և թե իրենց չեղած տեղը երկիրը չէ կարող խոտ բուսեցնել… Այդպիսիները իմ աչքում նույն ոճրագործներն են, որոնք իրենց անձի դյուրության համար