Է նաև այն բանին, Որ կարողանա, «…Ամոթո կնիք դրոշմել բոլոր այն իշխանների ճակատին, որոնք հայության անունով խոսում, հայ տոհմականությամբ հպարտանում են, բայց հայրենիքի ճգնաժամում եղած միջոցին մատ չեն շարժում նրան օգնելու համար»։ Մարզպետունու այս խոսքերից պարզվում է, որ նա ռազմադաշտ է իջել հայրենիքի գլխին կախված մահացու վտանգի օրհասական ժամին, երբ ծակուռ են մտել սնափառ և սնապարծ իշխանները, իսկ արաբ ասպատակողները ներխուժել են երկիրը, ուստի հարկավոր է դիմագրավել նրանց։ Հատուկ ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ Մարզպետունին ինքն էլ է գիտակցում, որ չի կարող կատարել այն, ինչ որ վեր է իր ուժերից, բայց միաժամանակ նա այն կարծիքին չէ, թե պետք է ձեռքերը ծալել և անտարբեր լինել վտանգի հանդեպ։ Ահա, թե ինչ է ասում նա այդ մասին. «Եթե հոգնախումբ բանակների դեմ կանգնել չկարողանանք, գոնե նրանց ուժը ջլատել կամ կարգը խանգարել կարող ենք միշտ։ Ով որ շատերի ուժն է պտռում, ապացուցանում է, որ ինքը վատարանց մեկն է։ Ոչ մի զինվոր, եթե իրոք նա զինվոր է, չպետք է սպասե ընկերին, երբ հայրենիքը վտանգի մեջ է գտնվում։ Ով որ ուժ ունի կռվելու, ով որ կարող է հարված տալ թշնամուն կամ մի նետ ուղղել նրա կրծքին և սակայն թաքչում է պարսպի տակ կամ ձեռքը ետ է քաշում, նա մի մատնիչ է»:
Որքան սխալ է և քմահաճ այն եզրակացությունը, որ Մուրացանը թերագնահատել է ժողովրդին և անհատին հակադրել ժողովրդին, նախամեծար համարելով վերջինիս, նույնքան ճիշտ է այն, որ իրոք Մուրացանը ձգտել է արժանվույն ցույց տալ ժողովրդին անսահմանորեն սիրող, նրա ազատության համար՝ անձնուրացաբար մարտնչող իսկական հերոսի անուրանալի դերը։ Այսպիսով, ինչպես «Գևորգ Մարզպետունի» վեպում,այնպես էլ «Անդրեաս Երիցի» և «Ռուզանի» ու մյուս գործերում եսապաշտ, փառամոլ եղկելի անհատներին, որոնք վտանգների ժամանակ մկան բուն են որոնում, Մուրացանը հակադրել է արիասիրտ, քաջակորով, հայրենանվեր հերոսներին և դրվատել է նրանց վեհ գործերըւ Այո՝, այս իմաստով Մուրացանը «գերագնահատել» է անհատի դերը: «Գևորգ Մարզպետունի» վեպի մի հոյակապ հերոսապատում է 10-րդ դարի առաջին հիսնամյակի ընթացքում արաբական երկարատև տիրապետության դեմ հայ ժողովրդի մղած դյուցազնական պայքարի, որ վերակենդանացված է խոշորագույն վիպասան և մեծ հայրենասեր Մուրացանի հոյակապ գրիչի կախարդիչ ուժով։ Մուրացանը հայրենանվեր հայ կտրիճների ոսկեգրիչ ու ոսկեբերան օրհներգուն է։ Մուրացանի պատմական երկերում նկարագրված են հայ ժողովրդի պատմական կյանքի այն փուլերը, որոնք «մրրկահավ են զարկված»։ Այդպիսի շրջաններից է, նաև 16-րդ դարավերջի և 17-րդ առաջին տասնամյակների ժամանակաշրջանը։
Պարսկական արյունարբու դահիճ Շահ-Աբասի՝ Հայաստանում կատարած զարհուրելի ասպատակության շրջանում տեղի ունեցած անասելի վայրագությունները՝ Ագուլիսի արյունոտ անցքերն են նկարագրված «Անդրեաս Երեց» վիպակում. Այդ հայրենաշունչ ստեղծագործության մեջ