պարսիկ բռնակալները՝ Շահ-Աբասը և Շահռուխը նշավակված են նաև որպես հայ կնոջ պատվի գազանաբարո և նողկալի անարգիչներ, պագշոտ ճիվաղներ։ «Անդրեաս Երեց» վիպակում վառ նկարագրությամբ վեր է հանված ժողովրդի անընկճելի ոգին, նրա դյուցազնական սխրանքը, մասնավորապես երիտասարդության բոցաշունչ հայրենասիրությունն ու հերոսությունը։ Արյունկզակ բռնակալների դեմ ժողովորդը ծառս է լինում արիասիրտ վճռականությամբ։ Ժողովրդի մասին ասված է, որ նա «…նման է ծովի, որի խաղաղ ժամանակ կարող ես վրան նավարկել, որքան կամենաս, բայց երբ նա հուզվեց ու խռովվեցավ, ամենից զորեղ նավերն էլ կարող են խորտակվել»։ Վիպակի արժանիքներից մեկն էլ այն է, որ Մուրացանը ազնիվ զայրույթով և անողոքաբար խարազանել է հայ ժողովրդի քողարկված ու խիստ վտանգավոր թշնամիներին՝ միսիոնարներին։
«Անդրեաս Երիցը» սրտագրավ գործ է, ընթերցողը հայրենասիրական լիցք է ստանում նրանից։
Մուրացանն իր երկերում փառաբանել է այն մարդկանց սխրագործությունները, որոնք պայքարել են հանուն ժողովրդի և նրա ապագայի։ Այդ մարդիկ եղել են ժողովրդի հոգու արտահայտությունը, հետևաբար նրանց սխրագործությունը՝ ժողովրդի սխրագործությունն է։ Սակայն սրանից ամենևին չի հետևում, թե Մուրացանը զերծ է մնացել անհատի դերի գերագնահատմանը տուրք տալուց։ Ո՛չ։ Անժխտելին այն է, որ իրոք, Մուրացանը ավելի բարձր է գնահատել ժողովրդանվեր, իսկական հերոս անհատներին, քան երկչոտ եսապաշտ ու խեղճ անհատներին, որոնք միայն իրենց են ծառայում և երբեք «փուշ չեն հանում ժողովրդի մատից»:
Հերոս անհատներին Մուրացանը սիրել է և դրվատանքի է արժանացրել միայն, որպես հայրենիքի ազնիվ զավակների, իսկ ժողովրդին, իբրև մոր և հայրենիքի իսկական տիրոջ։
Հերոսապաշտությունն ու հերոսասիրությունը չի կարելի նույնացնել, Մուրացանը հերոսասեր է, և ոչ հերոսապաշտ, որովհետև հերոսասիրությունը հատուկ է ժողովրդին, ուստի և հերոսասիրությունը բխում է ժողովրդասիրությունից, որովհետև նրա հերոսական և մեծ գործերի պարգևած բարիքը ժողովուրդն է վայելում։ Սակայն այդ չէ գլխավորը, այլ այն, որ հերոսների ծնողը ժողովուրդն է, որը և նրան մկրտում է ժողովրդական հերոսության ավազանում։ Հերոսասիրությունը ժողովրդի դերի ճիշտ ընկալման արտահայտությունն է, որովհետև հերոսը հերոս է դառնում ժողովրդի շնորհիվ, մայր հողից՝ ուժեր քաղելով։ Անհատի հերոսությունը չի կարող կատարվել անապատում և առանց մարդու ու մարդկային ընկերակցության և նրանց օժանդակության ու քաջալերանքի։ Պաշտամունքը, թե անհատի և թե որևէ բանի խորթ է Մուրացանին: Ժողովրդասեր վիպասանը արքաներին, զորավարներին ու իշխաններին չէ, որ պանծացնում ու մեծարում է, այլ «գեղջուկ խրճիթները» և նրանց մեջ ապրող ցնցոտիապաշատ «մանկտիքը»։ Մուրացանի պատմական երկերը աչքի են զարնում իրենց բարձր գաղափարներով և թե արվեստով։ «Մարզպետունի»