Այս էջը հաստատված է

Բայց ահա Դոնա Աննան։
(Դոնա Աննան մտնում է):
ԴՈՆԱ ԱՆՆԱ— Նա դարձյալ այստեղ է։ Հայր իմ,
Ես խանգարեցի ձեր մտածությունները,
ներեցեք։
ԴՈՆ ԺՈՒԱՆ— Ես պետք է ներողություն խնդրեմ ձեզանից,
տիրուհի.
Գուցե ես խանգարում եմ ձեր տխրության
Ազատ զեղումը։
ԴՈՆԱ ԱՆՆԱ— Ո՛չ, հայրիկ, իմ տխրությունը իմ մեջն է.
Ձեր ներկայությունը իմ աղոթքները,
Երկինք կբարձրանան խոնարհությամբ.
Ես խնդրում եմ, որ դուք էլ ձեր ձայնը
Միացնեք նրանց։
ԴՈՆ ԺՈՒԱՆ— Ես, ես աղոթեմ ձեզ հետ, Դոնա Աննա,
Ես արժանի չեմ այդ վիճակման.
Ես շեմ հանդգնիլ իմ մեղավոր շրթունքներով
Ձեր սուրբ աղոթքները կրկնել.
Ես միայն հեռվից ակնածությամբ
Նայում եմ ձեզ վրա, երբ դուք հանդարտ խոնարհած,
Ձեր սևաթույր գանգուրները սփռում եք սպիտակ
Մարմարիոնի վրա։ Եվ ինձ թվում է, թե
Այս դամբարանը գաղտնի այցելել է մի հրեշտակ։
Իմ հուզված սրտում այդ ժամանակ
Ես աղոթք չեմ գտնում,
Այլ լուռ հիանում եմ և մտածում…
«Երանի նրան, որի ցուրտ մարմարիոնը
Ջերմանում է սրա երկնային շնչով,
Եվ ցողվում սրա սիրո արցունքով»։
ԴՈՆԱ ԱՆՆԱ— Ինչ տարօրինակ բանախոսություն է այս։
ԴՈՆ ԺՈՒԱՆ— Տիրուհի ՜…
ԴՈՆԱ ԱՆՆԱ— Ինձ… Դուք մոռացել եք։
ԴՈՆ ԺՈՒԱՆ- Ինչ, որ մի անարժան ճգնավոր եմ ես.
Որ իմ մեղավոր ձայնը չպետք է այստեղ
Այսպես բարձր հնչե։
ԴՈՆԱ ԱՆՆԱ— Ինձ թվաց… ես չհասկացա…