ԴՈՆԱ ԱՆՆԱ— Ուրեմն այդ դուք եք… լռում եք։
ԴՈՆ ԺՈՒԱՆ— Դիպվածը, Դոնա֊Աննա,
Դիպվածը ինձ հրապուրեց,
Ապա թե ոչ, դուք երբեք
Չէիք իմանալ իմ տխուր գաղտնիքը։
ԴՈՆԱ ԱՆՆԱ— Եվ վաղո՞ւց եք դուք սիրում ինձ։
ԴՈՆ ԺՈՒԱՆ— Վաղուց թե ոչ, ինքս չգիտեմ.
Միայն թե հենց այն ժամանակից է, որ հասկանում եմ
Վայրկենական կյանքի արժեքը։
Միայն այն ժամանակից իմացա,
Թե ինչ կնշանակե երջանկություն բառը։
ԴՈՆԱ ԱՆՆԱ— Հեռացե՛ք, դուք վտանգավոր մարդ եք։
ԴՈՆ ԺՈՒԱՆ— Վտանգավո՞ր, ինչո՞վ։
ԴՈՆԱ ԱՆՆԱ— Ես վախենում եմ ձեզ լսել:
ԴՈՆ ԺՈՒԱՆ— Ես կլռեմ, միայն թե մի հեռացնեք նրան,
Որի համար ձեր միակ տեսքը մի բերկրություն է,
Ես հանդուգն հույսեր չեմ տածում։
ԴՈՆ ԺՈՒԱՆ— Ես ոչինչ չեմ պահանջում,
բայց ես պարտավոր եմ ձեզ տեսնել,
Քանի որ վիճակված է ինձ ապրել։
ԴՈՆԱ ԱՆՆԱ— Գնացեք, այստեղ այդպիսի ճառերի
Եվ հիմարությանց տեղը չէ.
Վաղը եկեք ինձ մոտ.
Եթե դուք կերդվեք այդպիսի հարգանք
Պահպանել դեպի ինձ, ես ձեզ կընդունեմ,
Բայց երեկոյան, մի քիչ ուշ։
Այն ժամանակից, որ այրիացա,
Ես էլ ոչ ոքին չեմ տեսնում։
ԴՈՆ ԺՈՒԱՆ— Հրեշտակ, Դոնա Աննա,
Թող մխիթարե ձեզ աստված այնպես,
Ինչպես որ դուք մխիթարեցիք դժբախտ նահատակիս։
ԴՈՆԱ ԱՆՆԱ- Հեռացե՛ք։
ԴՈՆ ԺՈՒԱՆ— Դարձյալ մի վայրկյան:
ԴՈՆԱ ԱՆՆԱ- Ո՛չ. պարզ է, ես դուրս պիտի գամ…
Մանավանդ որ աղոթել չեմ կարողանում.
Դուք ինձ հրապուրեցիք աշխարհային ճառերով,