Վաղո՜ւց, վաղո՜ւց իմ ականջը դադարել է
Այդ ճառերը լսելուց.
Վաղը ես ձեզ կընդունեմ։
ԴՈՆ ԺՈԻԱՆ— Դեռ չեմ համարձակվում հավատալ.
Չեմ համարձակվում անձնատուր լինել իմ երջանկության.
Ես վաղը ձեզ պիտի տեսնեմ… ո՛չ այստեղ.
Եվ ո՛չ էլ ծածուկ…
ԴՈՆԱ ԱՆՆԱ— Այո վաղը, վաղը.
Ինչպե՞ս է ձեր անունը։
ԴՈՆ ԺՈՒԱՆ— Դիեգո Դը֊Կայլվիդո։
ԴՈՆԱ ԱՆՆԱ— Մնաք բարով Դոն Դիեգո:
(Դուրս է գնում):
ԴՈՆ ԺՈՒԱՆ— Լեպորելլո։
(Լեպորելլոն դուրս է գալիս):
ԼԵՊՈՐԵԼԼՈ— Ի՞նչ եք կամենում։
ԴՈՆ ԺՈԻԱՆ— Սիրելի Լեպորելլո. ես երջանիկ եմ:
Վաղը երեկոյան մի քիչ ուշ.
Իմ Լեպորելլո. վաղը պատրաստվիր,
Ես երջանիկ եմ ինչպես մի մանուկ։
ԼԵՊՈՐԵԼԼՈ— Դոնա Աննայի հետ դուք խոսեցիք,
Գուցե նա ձեզ մի երկու քաղցր խոսք ասաց,
Կամ թե դուք օրհնեցիք նրան։
ԴՈՆ ԺՈԻԱՆ— Ոչ, Լեպորելլո, նա ինձ ժամադրություն,
ժամադրություն է նշանակել։
ԼԵՊՈՐԵԼԼՈ- Ա՜խ, այրիներ, դուք բոլորեքյան այդպես եք։
ԴՈՆ ԺՈԻԱՆ— Ես երջանիկ եմ, պատրաստ եմ երգել
Եվ ուրախությամբ ողջ աշխարհը գրկել։
ԼԵՊՈՐԵԼԼՈ— Իսկ կոմանդո՞րը, ի՞նչ կասե նա դրա համար։
ԴՈՆ ԺՈԻԱՆ— Դու կարծում ես թե նա կնախանձի:
Անշուշտ ոչ. նա խելոք մարդ է,
Եվ, երևի, խաղաղել է այն օրից, որ մեռել է։
ԼԵՊՈՐԵԼԼՈ— Ո՛չ. նայեցեք նրա արձանին։
ԴՈՆ ԺՈԻԱՆ— Ինչ կա որ։
ԼԵՊՈՐԵԼԼՈ— Կարծես թե նա նայում է ձեզ վրա
Եվ զայրանում է։