Այս էջը հաստատված է

Բայց ինչ էիք ասում փոքր առաջ.
Թե դուք կուզեիք իմ ստրուկը լինել:
Ես կբարկանամ, Դիեգո, պատասխանեցեք:
ինչո՞վ եք դուք իմ առաջ հանցավոր։
ԴՈՆ ԺՈՒԱՆ— Չեմ համարձակվում.
Դուք կսկսեք ինձ ատել։
ԴՈՆԱ ԱՆՆԱ— Ո'չ, ո՛չ, ես կանխավ ներում եմ ձեզ,
Բայց կամենում եմ իմանալ։
ԴՈՆ ԺՈՒԱՆ— Մի՛ կամենաք սարսափելի
Ու մահառիթ գաղտնիքն իմանալ։
ԴՈՆԱ ԱՆՆԱ— Սարսափելի... Դուք ինձ տանջում եք.
Ես սաստիկ հետաքննին եմ:
Ի՞նչ բան է. ինչպե՞ս կարող էիք ինձ թշնամանիլ:
Ես ձեզ չէի ճանաչում,
Ես թշնամիներ չունիմ և չեմ ունեցել.
Ամուսնուս սպանողն է միայն որ կա։
ԴՈՆ ԺՈՒԱՆ— (Ինքն իրեն) Բանը լուծվելու վրա է.
Ասացեք ինձ. թշվառ Դոն Ժուանը ծանոթ չէ՞ ձեզ:
ԴՈՆԱ ԱՆՆԱ— Ո՛չ. ի ծնե չեմ տեսած նրան։
ԴՈՆ ԺՈՒԱՆ— Դուք ձեր սրտում դեպի նրան
Թշնամություն չե՞ք տածում։
ԴՈՆԱ ԱՆՆԱ— Պատվո պարտքի պատճառավ։
Բայց դուք իմ հարցից
Աշխատում եք ինձ հեռացնել.
Դոն Դիեգո, ես պահանջում եմ։
ԴՈՆ ԺՈՒԱՆ— Իսկ թե դուք Դոն Ժուանին հանդիպեիք։
ԴՈՆԱ ԱՆՆԱ— ժամանակ չարագործի սիրտը
Ես դաշույն կխրեի։
ԴՈՆ ԺՈՒԱՆԴոնա Աննա ո՞ւր է քո դաշույնը,
Ահա իմ կուրծքը։
ԴՈՆԱ ԱՆՆԱ— Դիեգո, ինչ եք ասում։
ԴՈՆ ԺՈՒԱՆ— Ես Դիեգո չեմ, այլ Ժուան։
ԴՈՆԱ ԱՆՆԱ —Աստված իմ, ո՛չ, անկարելի է.
Չեմ հավատում։
ԴՈՆ ԺՈՒԱՆ— Ես Դոն Ժուանն եմ։
ԴՈՆԱ ԱՆՆԱ— Ստո՛ւմ եք։