Այս էջը հաստատված է

փոխարինում են փոքրիկ, սիզավետ հովիտներ, զվարթ կանաչ խոտը ծածանում է այդ լեռնային մարգերում կանգնաչափ բարձրությամբ, նրանց գունավորում են բազմազան ծաղիկներ։ Ափսո՜ս, բացականչում ես դու, ինչո՜ւ այս գեղեցիկ մարմանդները այսպիսի բարձրության վրա է հանել բնությունը, միթե գեղջուկի հոտերը կամ նախիրն ու ձիանը կարող են օգտվել սրանցից։ Ասում ես ու անցնում, բայց ահա փոքր ինչ հեռու խոտը հարել ու փռել են գետնին ցամաքելու համար։ Ուրեմն այս բարձրության վրա մարդիկ են ապրում, և անշո՛ւշտ հայեր, մտածում ես դու։ Կառքը սլանում է առաջ, և ահա փոքրիկ խմբակներ, տղամարդիկ, կանայք, տղայք ու աղջկունք, ոմանք հարած խոտն են հավաքում, ոմանք սայլերի վրա բարձում… Հետաքրքրությամբ մոտենում ու դիտում ենք, բայց սրանք մալականներ են, Սեմյոնովկա գյուղի բնակիչներ։ Սեմյոնովկան, գիտեի, որ մեր առաջի իջևանն է։ Սյունյաց սարերի այդ բարձրության վրա՝ մի իջևան կարող էի երևակայել, բայց մալականների մի բազմամարդ գյուղ, երբեք։ Եվ ինչ հրաշալի հովիտներ ու մարգագետիններ են շրջապատում այդ գյուղացիներին այս գեղեցիկ բարձրության վրա, ի՜նչ շքեղ արոտներ, ի՜նչ հորդառատ աղբյուրներ, սա մի լեռնային դրախտ է։ Վարդավառի շաբաթ օրը, ուրեմն հուլիսի 27-ն էր, երբ մենք մտանք Սեմյոնովկա, և գյուղացիներից մի քանիսի դռանը դեռ մայիսյան վարդ էր փթթում։ Այդպիսի բնության մեջ, հարկավ, մարդիկն էլ ուրախ, զվարթ և կենդանությամբ լի պիտի լինեին, ինչպես որ իրոք երևացին մեզ։

Սեմյոնովկայից ճանապարհը սկսվում է փոքր ինչ ցածրանալ, բնության շքեղությունները նվազում են, մի քանի կանաչկոտ բլրակներ անցնելուց հետո պատահում ես Չիբուխլու հայ գյուղի ցանքսերին։

«Դեռ բավական պիտի վար իջնենք Գեղամա ծովակը տեսնելու համար», մտածում էի ես, բայց դեռ այս մտածման մեջ էի, երբ մի նոր շքեղ տեսարան գրավեց բոլորիս ուշադրությունը։ Հանկարծ առաջներս բացվեցավ մի բաց կապուտակ դաշտ, որին սկզբում հորիզոնը փակող առավոտյան մշուշ կարծեցի։ Բայց ընկերոջս՝ «ահա ծովը» բացականչությունը