Այս էջը հաստատված է

մենք կանգ առանք ծովակի այն ափին, որ ավելի մոտ է կղզուն։ Ի դեպ. պետք է ասել, որ Սեմյոնովկա կայարանում բոլորովին ապօրեն կերպով են Սևան գնացողներից մինչև Ելենովկա կայարանը ճանապարհավարձ առնում, քանի որ հաստատ գիտեն, թե ուղևորը ճանապարհի կեսը միայն պետի գնա, այսինքն՝ մինչև կղզու հանդիպակաց ափը, որպեսզի խորհուրդը հենց իրենք են ուղևորին տալիս։

Կարծես այդ բավական չէ, մի քանի վերստ զառիթափ ճանապարհի համար երկու ձիու փոխարեն երեք ձի են լծում։ Իհա՛րկե ով որ ամոթխած է՝ տանուլ է տալիս, որովհետև հակառակ դեպքում անհաճո խոսքեր պիտի լսե։

Մեր կառավարը, որ Տոնական անունով մի հայ էր, շատ արգելքներ առաջ բերավ կառքը ըստ մեր ցանկության ծովափը իջեցնելու, չնայելով, որ բոլոր այդ արգելքները վերջը 20 կոպեկով ծախեց։

Կղզու հանդիպակաց ափն իջնելով, այստեղ պատահեցինք գյուղացի ուխտավորների մեծ բազմության, թե տղամարդկանց և թե՛ կանանց, որոնք իրենց տղաներով, աղջիկներով, նույնիսկ ծծկեր մանուկներով, կապկպած պաշարեղենով, մատաղացուներով և սայլերով կիզիչ արևի տակ, խճավազի վրա թափված՝ կղզուց նավակի էին սպասում։

Դրանք բոլորը մոտակա գյուղերից եկած ուխտավորներ էին։ Մեր հարցին, թե վաղո՞ւց են նավակի սպասում, պատասխանեցին, թե առավոտվանից։

— Հրացան չե՞ք արձակել,— հարցրինք մենք. որովհետև այդ է ափից նավակ խնդրելու նշանը։

— Ատրճանակ արձակեցինք մի քանի անգամ, բայց երևի ձայնը չհասավ,— պատասխանեց մինը:

— Չէ, նավակները Նոր Բայազետի կամ Մարալ-Դաղի կողմն են գնացել ուխտավոր բերելու,— ավելացրեց մի ուրիշը։

— Կամ սպասում են, որ շատերը հավաքվեն՝ որպեսզի բոլորին միանգամից տանեն,— նկատեց երրորդը։

Այսուամենայնիվ մեզանից մինն էլ յուր հրացանի ուժը փորձեց: