հոգնած լինելով, պառկել են հանգստանալու: Այստեղից վերադառնալով տեսա, որ մեր ընտրած սենյակները իրոք վանքի կռվածաղիկն են եղել։ Մի նորեկ երևանցի պարոն, բանալին ձեռքին կանգնած, հայտարարում է, որ մեր ընտրած սենյակներից մինը էջմիածնի պրոկուրորի և մյուսը Երևանի գավառապետի համար է, որոնք ուր որ է կհասնեն այստեղ և թե ինքը եկել է նրանց կացարանը պատրաստելու։ Լավ գիտենալով, որ հայոց ուխտատեղիներում առաջնորեն տրված պատվերներ ընդունելու սովորություն չկա, այս հայտարարությունն էլ թողեցինք անուշադիր։
Վերջ ի վերջո երևաց Սողոմոն սարկավագը, Սևանի միաբանության կանցլերը, որ մեր իրավունքը հարգելով առավ բանաստեղծ երևանցու ձեռքից բանալին և հանձնեց մեզ։ Գրեթե սույն օրինակ դժվարություններով ու զանազան արգելքներ հարթելով ստացանք վանքից և մեզ հարկավոր եղած պղինձները, ամանները, փայտը և այլն, ամեն մեկ բանի համար ծառաներին տասը-քսան անգամ դես ու դեն վազեցնելով։ Շատ ուշ իմացանք, որ սխալվել ենք Վարդավառի տոնին ուխտ գալով Սևան, որովհետև այդպիսի մեծ տոներին ուխտավորների ահագին բազմություն խռնվելով վանքը և բոլորն էլ նմանօրինակ իրեղենների կարիք ունենալով, դժվար է լինում բոլորին էլ միօրինակ գոհացում տալ։ Մինչդեռ հասարակ օրերը Սևան այցելողը ամենայն տեսակ դյուրություն պատրաստ կգտնե սկսած մաքուր և կահավորյալ սենյակներից մինչև ամենամաքուր անկողինները։
Ինչևիցե. մինչև երեկո հազիվ կարգի բերելով մեր ժամանակավոր բնակարանը և կարևոր իրերը, դուրս եկանք Սևանի ընդհանուր դրությանը ծանոթանալու։
Արևն արդեն մայր էր մտել. վանքի բակը լցվել էր ուխտավորներով և դեռ հետզհետե դուրս էին թափվում նավակներից։ Բոլոր սենյակներն ու բակում խփված վրանները բռնված լինելով, շատերն էլ խումբ-խումբ շարվել էին կանաչ գետնի վրա։
Միաբանության անդամներից ոչ ոք չէր երևում. միայն Սողոմոն սարկավագն էր, որ աչալուրջ ուշադրությամբ պտրտում էր ուխտավորների մեջ, ոմանց մատաղացուներ էր վաճառում,