Որովհետև Սուրբ առաքելոց եկեղեցում տարին մի երկու անգամ, որոշ տոներին, պատարագ են մատուցանում, ուստի նրա բեմի վրա էլ սեղան կա դրված հնատարազ խաչկալով և մի քանի աղքատիկ զարդերով։ Սեղանի առջև կախված է մի հին վարագույր, որի թվականը 1156 է, նվիրված ոմն մահտեսի Իսրայելից։ Այդ վարագույրը միակտուր կտավ է, մեջտեղը նկարված է եկեղեցու կամարակապ, իսկ չորս կողմը զանազան կենդանիներ, թռչուններ ու գազաններ։ Եթե հիշյալ թվականը մի սխալմունք չէ, ապա ուրեմն այս վարագույրն էլ մի թանկագին հնություն է։
Եկեղեցու առաջ կա մի փայտաշեն գավիթ, դարձյալ Մելքոն ճգնավորի շինած, որի առաստաղը փլած ու թափված է։ Իսկ եկեղեցու ետևում սեղանի խորշին կպած կա մի քարուկրյա խուց, ցածրիկ դռնով, ուր ինչպես պատմում են, տասնհինգ տարի ճգնել է Սյունյաց հիշյալ Մարիամ Տիկինը։ Այս խուցի մեջ դարսված են շատ խաչքարեր, որոնց որտեղից բերած լինելը հայտնի չէ, խիստ գեղեցիկ քանդակներ ունին, բայց արձանագրությունները եղծված են` հնության պատճառով։
Այս եկեղեցիներից զատ, բլրի գագաթին կան բազմախուցեր և սենյակներ, որոնցից մի քանիսն արդեն փլած ու ավերակ են, մյուսները հողով ու քարով լցված։ Այս սենյակները նույնպես Մարիամ Տիկնոջ շինածներն են սրանց մեջ մի ժամանակ զետեղծվել է Սևանի առաջնորդարանը և վարժարանը։ Կա այստեղ և ձիթհանքի ավերակ։ Այս բոլորը ցույց են տալիս, թե մի ժամանակ բլրի գագաթին ավելի մեծ բնակություն է եղել, քան թե ստորոտում[1]։
- ↑ Իսկապես պետք է ենթադրել, որ սկզբում բլրի ստորոտում ոչ միայն բնակություն չէ եղել, այլև նույնիսկ ստորոտի տափարակը ջրի տակ է եղել, բայց հետզհետե ծովակի ջուրը պակասելով բացվել է և այժմյան տափարակը։ Միաբաններից մինը պատմում Լր, թե յուր` կղզին մտնելու օրից սկսած մինչև այժմ 45 տարի է, ծովակի ջուրը պակասել է ափին տնկված ուռի ծառերից վար, այսինքն` մոտ երկու արշին:
Ծանոթ. հոդ.