Սևանի անապատականների ճգնությունները․ եկեղեցական ժամանակագրությունը․ միաբանների պահեցողությունը․ կերակուրը. վանքի կալվածները, եկամուտը, միաբանների հագուստը, աքսորյալների ապրուստը:
Սևանի արդի միաբանության համար խոսելուց առաջ՝ նախ մի քանի խոսք նրա անապատական օրինաց և կարգերի մասին։
Ինչպես հայտնի է, անապատական կյանքի ծաղկած դարերում, Հայաստանի մեջ էլ կային շատ վանքեր ու միաբանություններ, որոնք նշանավոր էին իրենց խստաբեր ճգնություններով։ Կային միաբանություններ, որոնք տարվա ամենամեծ մասը աղոթքով ու պահքով էին անց կացնում և միաբանություններ, որոնք բոլոր տարին էին այդպես անում։ Մի քանի անապատներում հրաժարվում էին մսից և գինուց և միայն կանաչեղեններով ու կաթնեղեններով էին կերակրվում. ուրիշներում, ինչպես, օրինակ, Թանահատի վանքում կաթնեղենն էլ չէին գործածում, այլ բոլոր տարին կերակրվում էին բանջարեղենով։
Սևանի անապատը ճգնության ու պահեցողության կողմից այդքան մեծ խստություններ չուներ, բայց ինչ որ ուներ, նույնը և անվթար պահպանել է մինչև այսօր։
Այսպես, օրինակ՝ ժամասացությունը լինում է օրը չորս անգամ.
ա. Գիշերաւին ժամերգություն, որը սկսվում է առավոտյան 3 կամ 4 ժամին և տևում է երկու ժամ։
բ. ճաշու ժամերգություն, որ սկսվում է 9 կամ 10 ժամին և տևում է մի ժամ։
գ․ Երեկոյան ժամերգություն, որ սկսվում է ժամը 4-ին և տևում է մի ժամ։
դ․ Հանգստյան ժամերգություն, որ սկսվում է գիշերվա 9 կամ 10 ժամին և տևում է մոտ մի ժամ։
Գլխավոր տոներին «հսկումն» են կատարում, որ տևում է համարյա բոլոր գիշերը։
Ժամերգությունը կատարվում է այստեղ ըստ հին հայկական