ժամակարգության, աոանց որևէ կրճատման, այնպես որ մեզ մոտ կատարված բոլոր օրվա ժամերգությունը՝ նրանց առավոտյան ժամերգության հազիվ կեսը կարող է կազմել։
Ժամասացության կարգը հետևյալն է․
Առավոտյան ժամերգության ժամանակ դեռ առաջ կարդում են երեք ամբողջ կանոն սաղմոս. ապա սկսում այն, ինչ որ մեզ մոտ առավոտներն են ասում․ հետո կցում են արևագալի ժամը, ինչ որ մեզ մոտ մեծ պասին են անում։
Ճաշու ժամից առաջ, որը մեզ մոտ առավոտյանի հետ են կցում, կարդում են մի կանոն սաղմոս. ապա սկսում ճաշու ժամը և կցում դրա հետ երեք «Տեր ողորմյաները», որը մեղ մոտ դարձյալ մեծ պասին են ասում։
Երեկոյան ժամից առաջ, եթե օրը պահոց է, կարդում են դարձյալ մի կանոն սաղմոս, ապա երեկոյան ժամն ասելու կցում նրա հետ «Խաղաղականի ժամը», որը մեզ մոտ դարձյալ մեծ պասին է ասվում։
Հանգստյան ժամը հայտնի «Եկեսցեն» է, որին օրվա մյուս ժամերգությունների նման, մասնակցում է բոլոր միաբանությունը վանահորից սկսած։
Հայկական հին ժամերգությունը այդպիսի խստությամբ պահպանվում էր առաջ նաև Լիմ ու Կտուց անապատներում (Վանա ծովի կղզիների վրա), ուր սահմանել էին այդ կարգը Սևանա միաբանությունից այդ կղզիներն այցելող կրոնավորները։ Բայց, ինչպես ասում են, տասը տարուց ավելի է, որ այդ անապատներում ևս հին ժամերգության ձևը փոխել, քաղաքներում ընդունված ժամերգությամբ են վարվում։
Ուրեմն Հայաստանյաց բոլոր եկեղեցիների միաբանությունների մեջ միայն Սևանն է, որ հին Հայկական ժամակարգությունը-իբրև սրբազան ավանդ-պահպանել է անվթար։
Հանգուցյալ Գեորգ և Մակար կաթողիկոսները, Սևանի անապատը այցելած ժամանակ, պատվիրել են վանահորն ու միաբանությանը՝ պահպանել այդ կարգը անխախտ, իբրև միակ օրինակ հայոց նախնական ժամակարգության։
Ինչպես բոլոր տոներին, նույնպես և ամեն կիրակի պատարագ են մատուցանում։ Պատարագիչ վարդապետը պատարագի նախընթաց օրը ծոմ է պահում և բոլոր գիշերը հսկումով