է անց կացնում։ Այս կարգը, որ այստեղ ամենայն խստությամբ են պահպանում, իհա՛րկե, պահանջվում է նույնիսկ այժմ և մեր եկեղեցիների համար, բայց ո՞վ է նրա կատարողը։
Ըստ նախնավանդ սովորության, պատարագի մեջ հիշում են կաթողիկոսի և վանահոր անունները, վիճակային առաջնորդի անունը չեն հիշում, որովհետև Սևանի միաբանությունը դուրս է նրա իրավասությունից, և կախումն ունի ուղղակի սուրբ աթոռից։
Այստեղի միաբանությունը բացի հասարակ, շաբաթական և մեծ պասերը, պահում է տարվա մեջ նաև ուրիշ երկու մեծ պասեր. այսինքն, ութ շաբաթ պահում է Հոգեգալստից սկսած մինչև Վարդավառ, լուծելով միայն շաբաթ և կիրակի օրերը, ութ շաբաթ էլ Վարագա ս․ Խաչի տոնից սկսած մինչև Հիսնյակի պասը։ Այսպիսով տարվա մեջ պահում են երեք մեծ պասեր։
Միաբանության սովորական կերակուրը պասին՝ ձեթ, լոբի, սիսեռ, ոսպ, և կանաչեղեն է. իսկ ուտիքին՝ յուղ, կաթնեղեն, հավկիթ և բրնձի ու ձավարի ապուր։ Հարկավ, Գեղամա ծովակի անուշ ձկներից էլ վայելում են կամեցածներին չափ, և նրա կողակ ասված տեսակից աղում ու պահում են երկար ժամանակ։ Հասարակ կերպով մորթած միս չեն ուտում, բայց եթե միայն ուխտավորների արած մատաղից, որից ինչպես հայտնի է, վանքի բաժինը թիակներից մինն է լինում։
Սևանա վանքը մեծ կալվածներ չունի այժմ, թեպետ սկզբում հարուստ է եղել կալվածներով. նույնիսկ Բագրատունյաց հարստության ժամանակ նա արդեն վեց գյուղեր ուներ, ինչպես հիշեցի, բացի այդ բոլորից մնում են Ցամաքաբերդ և Գոմաձոր անուններով գյուղերը միայն, որոնցից առաջինը 25 և վերջինը 20 տուն հայ ժողովուրդ ունի, մի քանի դեսյատին վարելահողերով։
Բացի այս՝ Երևանում ունի տուն, կրպակներ և մի այգի, նոր Բայազետում երեք աչք ջրաղաց. Հրազդանի (Զանգի) վրա նույնպես մի ջրաղաց, արքունական խճուղու վրա մի քարվանսարա և Թիֆլիսում 2 թե 3 խանութ։
Վանքի եկամուտը կազմում են․