Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/105

Այս էջը հաստատված է

լուսադեմին. բայց այս անգամ այնքան վաղ եկավ, որ պառավ Մարանը դեռ անկողին չէր մտել։ Այդ բանը խիստ զարմացրեց պառավին։

— Արտեմ ջան, հիվանդ խո չե՞ս,— հարցրեց նա անհանգստացած։

Արտեմը չպատասխանեց։

Մարանը խրճիթի կիսախավարի մեջ աշխատեց լավ դիտել որդու դեմքը, բայց ոչինչ չկարողացավ տեսնել, բացի այդ դեմքի խավար ուրվագծից։ Շտապեց լամպը վառել։ Հետո մոտեցավ որդուն։

Արտեմը երեսնիվեր պառկել էր թախտի վրա, ձեռները գլխի տակ դրած։

Պառավը խոնարհվեց նրա դեմքի վրա և վախեցավ։ Արտեմի դեմքը սաստիկ մռայլ էր, աչքերը պլպլում էին. երևում էր, որ խիստ վատ տրամադրության մեջ էր։

— Արտեմ ջա՞ն,— շշնջաց մայրը։

— Հը՛,— հանկարծ մռնչաց Արտեմն իր հուժկու ձայնով և աչքերը ոլորեց մոր վրա։

— Ընչի՞ ես ըտենց,— հարցրեց պառավը երկյուղով։

— Մի՛ խոսացնի, թե չէ՝ էս ջգրած սրտովս մի քացի կտամ, որ տեղնուտեղդ բանհոգի կըլես,— արտասանեց Արտեմը հանդարտ, բայց սարսափ ազդող ձայնով և նույնիսկ բարձրացրեց ոտը։

Մայրը կծկվեց և սուս ու փուս հեռացավ։

Տիրեց երկարատև լռություն։

Ճրագի լույսից և խոսակցության ձայներից հավերը զարթել էին։ Թառի վրա նստած, պլզել էին իրենց կլորիկ աչքերը և ըստ երևույթին, հետաքրքրված ճրագի անսովոր լույսից, դեսուդեն էին նայում։

Պառավը, թախտի ծայրին կուչ եկած, մտածում էր, թե ի՞նչ էր պատահել Արտեմին։ Հիշեց անցյալից մի դեպք, երբ որդին նույն տրամադրությամբ տուն էր եկել, բայց այն ժամանակ պատճառը չծածկեց, ասաց, որ ղումար խաղալիս շատ փող էր տարվել։ Երևի հիմա էլ այդպիսի մի բան կար,— մտածեց պառավը և ուզեց մխիթարել որդուն։

— Արտեմ ջան, նավթը քու բաշխած փողովն եմ առել, ա՛յ,— ասաց նա, տեսնելով, որ որդին մտածմունքի մեջ