Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/106

Այս էջը հաստատված է

խորասուզված, մռայլ հայացքով անթարթ նայում է լամպին։

Արտեմը ձայն չհանեց։

— Քանի՜ վախտ ա առել եմ, հա՛. քեզ հմար էի պահում, որ գաս՝ վառեմ,— ավելացրեց պառավը։

Արտեմը դարձյալ լուռ մնաց։

— Քիչ չայ-շաքար էլ եմ առել, առավոտը չայ կխմացնեմ,— նորից խոսեց պառավը։

Արտեմն անշարժ պառկած էր միշտ միևնույն դրության մեջ։ Կարծես չէր էլ լսում մորը։

Պառավի սրտին դիպավ, որ որդին ոչ մի ուշադրություն չի դարձնում իր խոսքերին։

— Թե քունդ տանում ա, ասա տեղաշորդ գցեմ,— ասաց նա նեղացած, երկար լռությունից հետո։

Արտեմը պատասխանելու տեղ մութաքան քաշեց գլխի տակ, կուռը գցեց երեսի վրա, և մի քանի րոպեից հետո լսվեց նրա խռմփոցը։

Մարանը հին, կեղտոտ մթելով ծածկեց նրան զգուշորեն, որ քունը չխանգարի, լամպը հանգցրեց, կատարեց իր սովորական աղոթքը և անկողին մտավ։

«Էդ ա, փողերն էլի տանուլ ա տվել»,— վճռեց նա մտքումը դարդակալած։ Այնինչ՝ հույս ուներ, թե որդին առավոտյան նախորդ անգամվա պես փող կտա իրեն։

Ծեգը նոր էր բացվում, փոքրիկ պատուհանի մութ ապակիները նոր-նոր սկսել էին պարզվել, երբ հավերի օտարոտի կռկռոցը հանկարծ զարթեցրեց պառավին։ Նա գլուխն արագ բարձրացրեց և նայեց թառի կողմը, այնտեղ մթնշաղի մեջ նրա քնաթաթախ աչքերին հազիվհազ նշմարելի եղավ մարդու մի սև ուրվագիծ։

— Էդ ո՞վ ես,— աղաղակեց պառավը սաստիկ վախեցած և մեքենաբար նստեց անկողնում։

Մարդու ուրվագիծը շարժվեց դեպի դուռը։ Լսվեց սողնակի չրխկոցը։ Դուռը բացվեց։ Մարդու ուրվագիծը մի վայրկյան երևաց վաղորդյան դալուկ լույսի մեջ և չքացավ։ Դուռը բաց մնաց։ Հավերի կռկռոցը լսվեց դրսից և հանկարծ լռեց։

Պառավին թվաց, թե երազի մեջ է։ Նա վրա ընկավ և դողդողացող ձեռքերով սկսեց շոշափել Արտեմի պառկած տեղը թախտի վրա։ Տեղը դատարկ էր։ Խելագարի պես թռավ թախտից