Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/108

Այս էջը հաստատված է

բան էլ վրան էր առել։ Նա տնքում էր և քամու կատաղի ոռնոցի ու դռան շրխկշրխկոցի մեջ հազիվ էր լսվում նրա տնքոցի ձայնը. երբեմն էլ ջղաձգաբար կծկվում էր, ատամները պինդ հուպ տալիս իրար ու հանկարծ բերանը լայն բանալով՝ երկարատև սուր ճիչ արձակում։

Նա երկունքի մեջ էր։ Հազիվ երեսուն տարեկան, արդեն չորս որդի ուներ և մեկն էլ շուտով լույս աշխարհ պիտի գար։ Ո՞ւմ համար, ինչի՞ համար։ Ի՞նչ օրումն էին արդեն եղածները, որ մեկն էլ պիտի ավելանար։

Տավար քշող էր Շուշանի մարդը։ Ղասաբները Սաղում տավար ու ոչխար էին առնում, տալիս էին Կարապետին, և նա քշում էր դեպի սպանդանոց, որտեղից այնուհետև մորթած մսերը ֆուրգոնի մեջ ածած, ինքն էլ վրեն բազմած՝ բերում հանձնում էր տերերին։ Կամ թե հավատացյալ մարդիկ մատաղացու էին առնում ու տալիս նրան, որ տանի մորթի կամ մատաղ անողի տանը, կամ որևէ սրբի դռանը։ Օրերով և շաբաթներով տան երեսը չէր տեսնում Կարապետը, այնպես որ ընտանիքի ամբողջ հոգսը Շուշանի վրա էր մնում։ Նա թել էր մանում, հինած գործում, տոպրակներ կարում, պարսիկ վաճառականի խանութում նուշ ու ընկույզ կոտրում։ Բայց և այնպես նրա վաստակածն այնքան քիչ էր, որ հազիվհազ բավականացնում էր տան վարձը տալու և ցամաք հաց առնելու։

Կարապետի ընտանիքը դառն օրեր էր քաշում մանավանդ ձմեռը, երբ գործ հազիվ էր ճարվում, երբ հարկավոր էր տաք հագուստ, վառելիք, մի քիչ լավ սնունդ։ Ձմեռն այնպես անցնում էր, որ նրանց քուրսին գրեթե երբեք չէր տաքանում։ Ինքը՝ Կարապետը մի հին քուրք ուներ և կոլոլվում էր մեջը, բայց կնոջ ունեցածը չթի մի դերիա էր հազար տեղ կարկատան գցած և մեկ էլ մի ցեցակեր շալ, իսկ երեխաները տկլոր, չփլախ վնգվնգում էին ցրտից կապտած։ Նրանց կերակուրն էլ երբեմն սպանդանոցից Կարապետի բերած տավարի մսազերծ ոսկորներն էին լինում, որ նրանք խաշում և խփշտում էին ջուրը։

Չորս երեխաներից ամենամեծը տղան էր, մոտ տասը տարեկան։ Հայրը սկզբում նրան մանրավաճառի մոտ աշակերտ տվեց. շաբաթը բերում էր 20 կոպեկ, բայց շատ չկացավ,