Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/11

Այս էջը հաստատված է

դրանով իսկ ապահովելով գործի հաջողությունը, հակառակը, մտնում է բուն գործողության հորձանուտը: Բայց սկզբունքը չի խախտվում. գրողը նախ հանդես է գալիս որպես պատմող, դրանով պատմությունն ավելի հավաստի է դառնում: Իսկ գործն ինքնին իրողությունների մի շարքով արագորեն դեպի հանգուցալուծումն ընթացող պատմություն է, և պատմողի ներկայությունը միանգամայն տեղին ու նպաստավոր է: Եվ բացի այդ, ինքը՝ պատմող-հեղինակը ենթարկվում է խաղի նույն կանոններին, ինչպես մյուսները. ոչ մի առավելություն մյուսների հանդեպ: Թեև պարզ է, պատմողը նախապես գիտե ողջ կատարվածը, բայց մի անգամ է միայն դա նկատել տալիս՝ առաջին գլխի վերջում, շտապ զսպելով իրեն:

Բախումը, գործողությունների զարգացման զսպանակն է, գրեթե ինչպես դրամայում, և այն ավելի հիմնավորվում, ռեալ կյանքային բնույթ է ստանում նաև հետևյալ պատճառով: Կերպարներից ամեն մեկը միևնույն փաստը, իրողությունը, հարցը ընկալում և մեկնաբանում են տարբեր կերպ: «Սպանված աղավնու» պատմությունը նրա երկու դերակատարները ներկայացնում են տրամագծորեն հակառակ: Այս երկու բևեռներից տարբեր, մի տեսակ միջին դիրք է գրավում Միքայել Մարգարյանը: Իսկ Գարեգինը իր խառնվածքին ու ըմբռնումներին համապատասխան եզրակացության է հանգում: Առանձին-առանձին վերցրած, գործող անձերից յուրաքանչյուրի տրամաբանությունը համոզիչ է թվում, և կարծես կարևոր որոշ կետերում հեղինակը համաձայն է մեկի կամ մյուսի հետ. ինչ-որ տեղ նրան համոզում է Թուսյանը, ավելի շատ՝ գուցե Գարեգինը, ինչ-որ տեղ էլ ի հակադրություն Թուսյանի՝ Սառան: Բայց երբ մեկից հետո նա սկսում է զրուցել հաջորդի հետ, ճշտում է նախորդի թողած տպավորությամբ ու մասնակցությամբ մշակած կարծիքը: «Սպանված աղավնին» մի պատմություն է՝ դիտված ու ներկայացված չորս տարբեր հայեցակետից: Չորսն էլ իսկապես ունեն իրենց համոզիչ կողմերը, բայց հեղինակի ուժն այն է, որ խնդիրը վճռում է ոչ թե երկխոսություն-բանավեճով, այլ գործողության ընթացքով, կյանքային հանգամանքների, հոգեբանությունների շարժման մեջ: Այսինքն ընթերցողին մեծ հնարավորություն է տալիս ամրապնղել իր կարծիքը, իր որոշակի եզրակացությունը, «ո՞վ է իրավացի» հարցի փոխարեն անհատական-մարդկային հայացք մշակել կյանքի հանդեպ:

Նար-Դոսի արվեստի ուժեղ կողմերից մեկը կերպարի շոշափելի մարմնավորումն է, նրա ցայտուն, պատարուն բնութագրումը, սուր, իրախույզ աչքով դիտված հատկանիշներով: Նրա կերպարները շատ հեռու են միագիծ, սխեմատիկ սահմանումներից և չեն կարող միանշանակ չար կամ բարի, վատ կամ լավ, տգեղ կամ գեղեցիկ լինել: Երազանքն ու իրականությունը, իդեալայինն ու ռեալականը, ռոմանտիկականն ա նատուրալիստականը սուր հակադրությամբ միահյուսվում են Նար-Դոսի ստեղծագործությունում: Ի՞նչ է սա. ռոմանտիկական մի նատուրալի՞զմ, երևույթ, որ նկատվել է նատուրալիզմին առնչվող ուրիշ հեղինակների, ոչ միայն, ասենք, Ֆլոբերի, այլև Զոլայի մոտ: Նար-Դոսը մարդուն կերպավորում է՝ ելնելով նրա ողջ բարդությունից, առաջնորդվելով նրա թե՛ բնական, թե՛ հասարակական