Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/110

Այս էջը հաստատված է

ծղրտոցով ողջունեցին իրենց քրոջ գալուստը։ Նույն րոպեին յափնջին մի կողմ թռավ, և արդեն ոտի վրա էին երկու գրեթե մերկ երեխաները ուրախ, երջանիկ դեմքով։ Ցուրտը մոռացան նրանք, որովհետև հացի հոտ առան։

— Վայ, ջանս-մանս, Սոնեն հաց ա բերել,— ուրախությունից պար եկավ մեծը։ -

— Վա՛յ, ձանս-մանս, Սոնեն հաց ա բերել,— կապկի պես կրկնեց փոքրիկը։

Սոնեն դուռը փակելուց հետո շտապով մոտեցավ մորը և տոպրակը շալակից վար բերեց։

— Ա՛յ, հաց էլ տվին, պանիր էլ,— ասաց նա այնպիսի ուրախությամբ, որ կարծես շալակով ոսկի էր բերել։ Բայց և այնպես նրա ատամները ցրտից զարկվում էին իրար։

Մայրը տանջալից հայացքով նայեց նրան։

— Տուր էդ լակոտներին՝ ուտեն,— ասաց նա և նույն րոպեին սոսկալի ցավերից կուչ ու հուպ եկավ, հազիվ զսպելով իրեն, որ չճչա։

Բայց Սոնեն կամեցավ նախ տաքացնել սառած ձեռները։ Եվ մինչդեռ նա մղկտացող տասը մատների ծայրերը կպցրել էր շրթունքներին և բերնի գոլորշին արտաշնչում էր նրանց վրա, երկու «լակոտները» հափշտակեցին նրա ոտների առջև դրված տոպրակը և հավաքական ուժով քարշ տվին դեպի յափնջին։ Քույրը կատվի մի թռիչքով հասավ նրանց հետևից և պինդ փամփաչեց նրանց գլխին։ Փոքրիկն սկսեց բարձրաձայն լաց լինել, իսկ մեծը պռոշ արեց, բայց զսպեց իրեն։

— Ա՛յ, կտորվեք դուք, կտորվեք,— ուժասպառ, հազիվ լսելի ձայնով անիծեց մայրը։— Աղջի, ի՞նչ ես ուզում էդ լակոտներից։

— Բա խի՞ չեն մուլափ տալի,— հանգիստ նկատեց Սոնեն, տոպրակը դրեց խալիչի վրա, ծալապատիկ նստեց առջևը և բերանը բաց արեց։ Տոպրակը կիսով չափ լիքն էր հացի կծմծած չոր կտորտանքով և երեսին պանրի դեղնած, չորացած փշրանք էր թափված։ Փոքրիկը լռեց և մյուսի հետ գնաց նստեց տոպրակի աոջև։

— Ձեռ չտաք, թե չէ, կսպանեմ,— սպառնաց քույրը և