Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/112

Այս էջը հաստատված է

իր լաթերը և նորից կոլոլվեց նրանց մեջ։ Այժմ երեխաները մի անգամից լռեցին և, նրանց քույրն էր միայն, որ գետին ընկած՝ լաց էր լինում։

— Ձենդ կտրի, թե չէ, էս ա, էլի վեր կացա։

Մոր այդ սպառնալիքն ազդեց միայն այնքան, որ Սոնեն ձայնը մի քիչ ցածրացրեց, հետո կամաց-կամաց լռեց, վեր կացավ, հավաքեց գետին թափված հացի կտորտանքը և ուռած-փքված շպրտեց երեխանց առաջը, ասելով.

— Ըհը՛, չոռ արեք։

Երեխաներն իսկույն վրա թափվեցին քաղցած գայլերի պես։ Սոնեն թարեքից վերցրեց մի քրեղան, գնաց նստեց հացի տոպրակի առջև և սկսեց պանրի փշուրները ջոկել և քրեղանն ածել։ Երեխաները վախվխելով մոտեցան նրան և սկսեցին վնգստալ՝ պանիր էին ուզում։

— Ըհը՛, չոռ արեք,— կրկնեց քույրն առաջվա պես ուռած-փքված, պանրի մի-մի փշուր թափելով նրանց վրա։

Երեխաներն ագահաբար վրա ընկան՝ գետին թափված պանրի փշրանքները հավաքելու։

Սոնեն պանրի փշրանքը հացի կտորտանքից ջոկում և քրեղանն էր ածում մեծ գործ կատարող մարդու լրջությամբ։ Նա մի առանձին հպարտություն էր զգում, որ այդքան հաց ու պանիր էր բերել իրենց ծանոթ մի հարուստ ընտանիքից, ուր հաճախ ինքը կամ մայրը մի փոր հացի համար գնում էին ամբողջ օրով կամավոր աղախնի դեր կատարելու— սամավար սրբելու, կերակրի կաթսաներ մոխրելու, բակն ավլելու, հավաքված աղբը թափելու, օրորոցի երեխայի աղտոտած պարուրները լվանալու և այլն։ Պանիրը հացից ջոկելիս Սոնեն, իհարկե, չմոռացավ իրեն, թեև ճանապարհին իր բաժինն արդեն կերել էր. նա ջոկեց հացի համեմատաբար մի փափուկ կտոր ու պանրի մի մեծ փշուր և սկսեց ուտել։ Երեխաներն իրենց բաժինը ձեռաց վերջացրին, նստեցին հացի տոպրակի մոտ և սկսեցին նորից վնգստալ։ Քույրն այս անգամ այնքան բարեհաճ գտնվեց, որ առանց ծեծ ու կռվի մի-մի կտոր հաց ու պանիր էլ շպրտեց նրանց գոգը։ Այդ օրը մի տոն էր նրանց համար,— հացի հետ պանիր էլ էին ուտում։ Այդպիսի երջանկություն շատ քիչ էր պատահում նրանց։