Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/114

Այս էջը հաստատված է

որովհետև աղքատ էր, նույն այդ աղքատությունն էր պատճառը, որ մինչև այժմ ծնած բոլոր երեխաներն ամիսներով, «հարամ» էին մնացել.— մարդ չէր ճարվում, որ «հալալեր»— կնքահայր դաոնար։ Եվ այդպես էլ «հարամ» կմեծանային նրսնք, եթե չլիներ այն ընտանիքը, որ այդ օրը մի տոպրակ հացի կտորներ և պանրի փշրանքներ էր ուղարկել. այդ ընտանիքի հայրն էր, որ «հոգու խաթեր» իր որդուն ուղարկում էր Կարապետի երեխաներին կնքահայր դառնալու, մի քանի ռուբլի ծախսելով։ Շուշանը երախտագիտությամբ էր հիշում այդ ընտանիքի անունը, որը հացի կծմծած, բորբոսնած կտորները, կերակրի մնացորդը, երբեմն էլ գործածությունից ելած հնամաշ լաթերը տալիս էր նրան իր երեխաների համար։ Բայց Շուշանն ամոթխած կին էր. երեսը չէր բռնում ամեն կարիք եղած ժամանակ դիմելու այդ ընտանիքին, ուստի մեծ մասամբ սոսկալի աղքատություն էր քաշում։ Մեծ որդուց հույսը բոլորովին կտրել էր. այդ որդին անդարձ «պաժառնի» էր դարձել և, չնայելով փոքր հասակին, մի քանի անգամ բանտ էր նստել։ Մարդը մեծ մասամբ պարապ էր, վերջերն էլ սկսել էր իրեն գինու տալ, այնպես որ գործ եղած ժամանակ էլ հազիվ մի-մի անգամ մի քանի ֆունտ ցամաք հաց կամ ոչխարի գլուխ ու ոտներ էր բերում տուն։ Պատահում էր, որ Կարապետը օրերով, նույնիսկ շաբաթներով տան երես չէր տեսնում, որովհետև ոչխար կամ տավար էին հանձնում նրան հեռու տեղ քշելու։ Այժմ էլ բացակա էր. մի ամբողջ հոտ մատաղացու ոչխար էր քշել Բոլնիսի ս. Գևորգ ուխտատեղին, որի տոնն էր այդ շաբաթ, և ո՛վ գիտե՝ ե՛րբ կվերադառնար։

Այսպիսով Շուշանը երկունքի ծանր օրերին մնացել էր մենակ, իր երեք երեխաների հետ, դուռն երեսին ետ դրած, քաղցած, տկլոր։ Ցուրտն էլ մյուս կողմից էր նեղում։ Աշնան և ձմռան ամիսներին քաղցն այնքան զգալի չէր այդ աղքատ ընտանիքի համար, որքան՝ ցուրտը. հաց այսպես թե այնպես միշտ կարելի էր ճարել, բայց ածուխ, բայց փայտ, բայց տաք հագուստ ո՞վ կտար։