Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/115

Այս էջը հաստատված է
* * *

Մի ամբողջ շաբաթ է, որ ցուրտ քամին չի դադարում, փչում մարդու երես և խանձում, մտնում է խրճիթի հազար ու մի ծակուծուկերից։ Լաթերն այնքան ուժ չունեն, որ տաքացնեն Շուշանի կմախքացած մարմինը։ Կարելույն չափ աշխատում է կծկվել, բայց և այնպես ոտները սառույց են կտրվել, թեև երբեմն-երբեմն ցավերի ուժգնության ժամանակ, նրա պարանոցը կզակի տակ և ճակատը ծածկվում են քրտինքով։

Բայց ցուրտն ինքնըստինքյան։ Երկունքի ցավերն են, որ գնալով սոսկալի տանջանքներ են պատճառում։ Նա այլևս չի կարողանում զսպել իրեն, կուչ ու հուպ է գալիս, աղաղակում։ Խրճիթում լսվում է երեք քնած երեխաների հավասար շնչառությունը. թնդանոթ անգամ արձակես՝ չեն զարթնի։ Թարեքին դրված լամպի կոտրված ապակին արդեն բոլորովին սևացել է. վառած թոնրի նման սև ծուխ և ալ կարմիր բոց է արձակում։ Խրճիթը հետզհետե լցվում է թանձր ծխով, որի հետ խառն՝ օդի մեջ անհամար ճանճերի պես պտույտ-պտույտ են անում սև մրի փաթիլները։ Եվ ծխի ու մրի այդ թանձրության մեջ անշուշտ կխեղդվեն երեխաներն իրենց մոր հետ, եթե քամին խրճիթի անհամար ճեղքերից չմաքրի օդը։

Իսկ քամին գնալով ավելի ու ավելի սաստկանում է և շվացնում խրճիթի հայտնի չէ որ ծակից։ Դուռը դրնգալով ու շրխկալով շարժվում է տեղից, լուսամուտին կպցրած թղթերը բրբռում են արդեն միջից կես եղած։ Իսկ Շուշանն իր լաթերի վրա անտանելի տանջանքով մերթ պպզում, մերթ թավալգլոր է գալիս վիրավորված անասունի պես...

Ադամամութին, երբ հարևանի բակում աքաղաղն սկսեց կանչել իր ծուղրուղուն, Սոնեն աչքերը բաց արեց և գլուխը հանեց վերմակի ու յափնջու տակից։ Առաջին բանը, որ տարօրինակ թվաց նրան, այդ այն էր, որ թարեքին դեռևս վառվում էր լամպը ծխի և մրի մեջ կորած։ Հետո նրա ականջին դիպավ մի անսովոր ձայն,— կարծես կատվի ձագ էր մլավում։ Նա նստեց անկողնում և բնազդմամբ նայեց մոր կողմը։ Ու ծխից գոյացած մշուշի մեջ հազիվ նշմարեց մոր ուրվագիծը, որ լաթերի վրա պպզած ինչ-որ տարօրինակ շարժողության մեջ էր, կարծես լվացք էր անում։ Մլավոցի ձայնն