Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/116

Այս էջը հաստատված է

էլ այնտեղից էր գալիս։ Նա կամաց վեր կացավ և ցրտից սարսռալով մոտեցավ մորը։ Մոր ծնկների արանքին մի պստիկ, շատ պստիկ մանուկ տեսավ, մերկ, կարմիր։ Մայրը ամբողջ մարմնով խոնարհված նրա վրա, ատամները պինդ սեղմել էր իրար և ձեռքերով հուպ էր տալիս մանկան կոկորդը, շարունակ կրկնելով սեղմած ատամների միջից. «Ի՞նչ եմ անում... ի՞նչ եմ անում... քիչ ունե՞մ... քե՞զ ոնց պահեմ... քե՞զ ոնց պահեմ...»։ Մանուկը գլուխը ետ էր գցել, աչքերը փակ և տարօրինակ կերպով շարժում էր պստիկ կարմիր ոտներն ու ձեռքերը։ Ձայնը այլևս չէր լսվում։

Սոնեն հանկարծ ճչաց, ինքն էլ չէր իմանում — ուրախությունի՞ց, որ մայրը երեխա էր բերել, թե՞ սարսափած այն բանից, ինչ որ անում էր մայրը իր նորածին մանկանը...

1898