Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/117

Այս էջը հաստատված է
ԶԱՆԱԶԱՆ ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐ

ՄԻՆԱՍ ՓԱՓԱԽՉՅԱՆ
1

Ես ու Հովհաննես Մարիսյանը դասընկեր էինք։ Սկսած պատրաստականից մինչև ավարտելն անբաժան էինք իրարից։ Ավարտելուց հետո մեր ճանապարհները բաժանվեցին։ Ես քաղաքացի էի, նա՝ գյուղացի։ Ես առմիշտ գամվեցի քաղաքին, նա իրեն տվավ գյուղատնտեսության, մասնավորապես ուսումնասիրելով մեղվաբուծական ճյուղը, և առմիշտ հաստատվեց գյուղում։

Գյուղատնտեսական ընկերության գործոն աշխատակիցներից մեկն էր. տարին մի քանի անգամ այդ ընկերության գործերով գալիս էր քաղաք և սովորաբար իջնում էր ինձ մոտ։ Անցյալ ամառ, երբ նորից եկել էր քաղաք, վերադարձին ինձ տարավ իր հետ իրենց գյուղը, որ մի քիչ հանգստանամ և ծանոթանամ իր տնտեսությանը։

Գյուղի բնակիչները պարապում էին գլխավորապես երկրագործությամբ և մասամբ՝ մեղվաբուծությամբ։ Մեղվաբուծությունը սակայն ոչ ոքի այնքան եկամուտ չէր տալիս, որքան Մարիսյանին, որովհետև ամբողջ գյուղում միայն նա էր, որ իր տնտեսությունը դրել էր գիտական հիմքերի վրա և ամբողջապես նվիրված էր այդ գործին։

Որպեսզի կարողանար հանգիստ աշխատել, իրենց ընդարձակ այգում շինել էր երկու սենյակից բաղկացած մի համեստ բնակարան լայն պատշգամբով և միանգամայն մեկուսացած իրենց հին տնից, ուր ապրում էին նրա ծնողները և ամուսնացած ավագ եղբայրն իր ընտանիքով։ Ինձ, իհարկե, տեղավորել էր իր մոտ և շրջապատել այնպիսի հարմարություններով,