Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/118

Այս էջը հաստատված է

որ ոչ մի բանի կարիք չէի զգում. այնտեղ կարող էի և՛ հանգստանալ, և՛ աշխատել։

Կարելի է ասել, որ միակ ինտելիգենտ ուժն այդ գյուղում Մարիսյանն էր, և տեղական թե հարևան գյուղացիներից քչերը չէին օգտվում նրա տված խորհուրդներից և օրինակ վերցնում նրա տնտեսությունից։ Տեղական հարուստ գյուղացիների զավակներից, որոնք զանազան ժամանակներում գնացել էին քաղաք ուսում առնելու և «մարդ» դառնալու, համարյա ոչ ոք չէր վերադարձել. ոմանք մտել էին թեմական դպրոց ու ճեմարան — տերտեր, վարդապետ կամ վարժապետ դառել, ոմանք գիմնազիոն ու համալսարան — բժիշկ, փաստաբան կամ ինժեներ դառել, ոմանք էլ պարզապես մի-մի խանութ էին բաց արել, ամուսնացել, տուն ու տեղ դրել քաղաքում և առմիշտ կտրվել իրենց ծննդավայրից։ Միակ կապը, որը մնացել էր նրանց և գյուղում թողած իրենց հարազատների միջև, այդ այն էր, որ ամեն տարի բերքահավաքին գալիս էին գյուղ և քաղաք տանում իրենց ընտանիքի տարեկան պաշարը գյուղի ամեն տեսակ բարիքներից — ալյուրից, ձավարից, յուղից, պանրից, գինուց, մեղրից, մրգից և այլն։ Կատարյալ տզրուկներ։

Շուտով ես առիթ ունեցա ծանոթանալու մի այլ տիպի տզրուկի հետ, որը երկար տարիների բացակայությունից հետո այդ ամառ բարեհաճել էր շնորհ բերել գյուղը։ Դա, ինչպես Մարիսյանը պատմեց ինձ հետո, տեղական միջակ գյուղացիներից մեկի ավագ որդին էր, որ գնացել էր քաղաք ուսում առնելու, ծխականից անցել էր թեմական, թեմականից ճեմարան, ճեմարանից ո՛ւր — հայտնի չէ, բայց ամեն տեղ էլ ուսումը կիսատ էր թողել և այժմ ի՛նչ էր անում, ի՛նչ գործի էր — ոչ ոք չգիտեր։

Բայց որդուց առաջ ծանոթացա հոր հետ։ Անունը Խեչան էր, սովորական մի գյուղացի, ծեր, բայց, ինչպես առհասարակ բոլոր հիսուն-վաթսուն տարեկան աշխատավոր գյուղացիները, շարժուն ու ժիր։ Մի կիրակի եկել էր Մարիսյանի մոտ՝ դիտելու նրա տնտեսությունը և, ի միջի այլոց, խորհուրդ հարցնելու իր փեթականոցում նկատած ինչ-որ հիվանդության մասին։ Այստեղ էր, որ խոսք բացեց իր որդու մասին։