Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/126

Այս էջը հաստատված է

սկսել։ Վիպասան և բանաստեղծ լինելուց էլ լավ բա՞ն։ Իսկ հայրդ ուզում է, որ գաս և այգեպան ու ճանճապան դառնաս։

— Քեզ մոտ էլ է եկել, հա՞, գանգատվել ինձնից։

— Հա, անցյալ անգամ եկել էր, տակից գլխից դուրս էր տալիս։

— Երևակայեցեք,— դիմեց ինձ Փափախչյանը,— այնքան տգետ է և այնքան ինքնասիրություն չունի, որ ծանոթ-անծանոթի մոտ նստում և շարունակ գանգատվում է ինձնից, փոխանակ պարծենալու, որ ինձ նման մի որդի ունի։ Ես ուզում եմ գնալ Գերմանիա, ուսումս շարունակեմ, աստվածաբանության կամ փիլիսոփայության դոկտորի աստիճան ստանամ, իսկ նա ասում է՝ արի նստի գյուղում, բաղս ու ճանճս պահի, կարծես այգեպան ու մեղվագործ լինեմ։ Հավատացնում եմ ձեզ, նրան որ մնա, չի ամաչի, փափախ ու տրեխ էլ կհագցնի ինձ։

— Է՜, Մինաս ջան, դու քո բանը տես, ի՞նչ ես նայում նրան,— ասաց Մարիսյանը, որ սեղանի վրա թեյի ամանեղենի տեղ էր պատրաստում.— փափախավոր ու տրեխավոր շատ ունենք, բայց քանի՞ աստվածաբան ու փիլիսոփա, քանի՞ վիպասան ու բանաստեղծ ունենք։ Սրանք են, չէ՞, վեպերդ ու բանաստեղծություններդ։ Տուր տանեմ դնեմ էն կողմը։ Դեռ թեյ անուշ անենք, հետո կկարդանք ճրագով։ Տուր, մի՛ վախիլ, էնպես զգույշ տանեմ և էնպես տեղ դնեմ, որ միջի սերից մի կաթիլ էլ չթափվի։

Այս անգամ ինքը՝ Փափախչյանն էլ ծիծաղեց և բաց թողեց տետրակների կույտը, որ շարունակ պահում էր արմունկի տակ։

Արևն արդեն մայր էր մտել։ Երեկոն կամաց-կամաց մթնում էր։ Օդը սկսեց զովանալ։ Ցերեկով մեռած գյուղը մեկեն սկսեց շարժվել և աղմկել. լսվում էին դաշտերից ու արոտներից վերադարձող հնձվորների ձայները և ոչխարների ու տավարի բառաչը՝ խառը հաչոցի հետ։

Մարիսյանի փոքրիկ քույրը շուտով վառած լամպը բերեց դրեց սեղանի վրա։

Թեյը որ վերջացրինք, և փոքրիկ աղջիկը թեյի պարագաները