Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/128

Այս էջը հաստատված է

տեղից վեր թռչելով։— Ուզո՞ւմ ես, պարեմ էլ։ Թառից-մառից չունե՞ս։

— Թառից-մառից ի՞նչ ես անում, ահա՛։

Ու Մարիսյանն սկսեց բերնով ինչ-որ պարերգ շվշվացնել և ձեռքերով թմբկահարել սեղանը։

Փափախչյանը մեջտեղ թռավ և սկսեց պարել։ Այնպիսի պտույտներ էր անում, ոտքերով ու ձեռքերով այնպիսի շարժումներ գործում, ծուլ-ծուլ լինում, ոտքերն այնպես պինդ թրխկացնում պատշգամբի տախտակյա հատակին, որ ես ու Մարիսյանի փոքրիկ քույրը, որը մի կողմ քաշված՝ դիտում էր այս բոլորը, ծիծաղից թուլանում էինք։

Մարիսյանը չկարողացավ երկար դիմանալ. ծիծաղի փռթկոցը հանկարծ դադարեցրեց նրա պարերգը, որով և վերջացավ Փափախչյանի այդ զվարճալի պարի տեսարանը։ Փափախչյանը ծանր հևոցով եկավ նստեց իր տեղը։

— Վա՛յ, քու մուխը չմարի, Մինաս ջան,— ասաց Մարիսյանը,— այդ ինչ բազմակողմանի ընդունակությունների տեր մարդ ես եղել։ Եվ հայրդ իսկապես ինչքա՜ն տգետ մարդ պիտի լինի, որ քեզ պես մի գանձ գնահատել չի կարողանում։

Կերուխումը շարունակվեց։ Ես համարյա թե չէի խմում. Մարիսյանն էլ խմողներից չէր. բայց Փափախչյանը կոնծում էր փառավորապես, ամեն մի կենացի վրա մի արիա երգում այս կամ այն օպերայից կամ մի ոտանավոր արտասանում իր հեղինակություններից։ Վերջն այնպես հարբեց, որ գլուխը չէր կարողանում ուղիղ բռնել և խոսելիս լեզուն խառնում էր։

Արդեն բավական ուշ էր։ Գյուղը միանգամայն խաղաղվել էր. լսվում էր միայն շների հաչոցը։ Մեկ էլ հանկարծ այգու ցանկապատի դուռը ծեծեցին պինդ և միևնույն ժամանակ լսվեց Խեչան ապոր ձայնը դրսից.

— Ա՛, Մինա՞ս։

Այդ ձայնի վրա պահապան շունը այգու խորքերից ահագին հաչոցով թռավ դռան կողմը։

— Աղջի, գնա շունը ետ արա և Խեչան ապորը ասա գա,— դիմեց Մարիսյանը փոքրիկ քրոջը։