Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/129

Այս էջը հաստատված է

Աղջիկը վազեց և մի քանի րոպեից վերադարձավ Խեչան ապոր հետ։

— Բարրիգուն ձեզ, էս ի՞նչ բանի եք,— ասաց ծերունին՝ աչք ածելով սեղանի վրա։

— Լավ բանի ենք, Խեչան ապեր, համեցեք նստի,— տեղ առաջարկեց Մարիսյանը իր կողքին, բայց ծերունին հրաժարվեց նստել։

— Վախտը չի, ուշ ա, ըռավոտը քշերհանա գնալու ենք մեր բանին։

Բայց մյուս կողմից չհրաժարվեց Մարիսյանի պատվական գինուց մի-երկու բաժակ գլուխը քաշելուց։

— Ա, տունդ չքանդվի, էդ ի՞նչ ա քու հալը,— դիմեց ծերունին որդուն, տեսնելով, որ նա աթոռի մեջքին ետ ընած, շաղված աչքերը կիսախուփ, գլուխը տմբտմբացնում է կրծքի վրա և քթի տակ ինչ-որ մռմռում։— Վեր, բալա, վեր կաց գնանք։

Փափախչյանը վեր կացավ և անպատճառ կընկներ, եթե ես ու Մարիսյանը չբռնեինք։ Այդպես բռնած էլ ճամփու դրինք նրան հոր հետ մինչև դուռը, և երբ այստեղ նրա ձեռքը տվինք իր հաստագլուխ ձեռնափայտը՝

— Բա վեպերս, բանաստեղծություններս,— ասաց նա լեզուն շաղելով։

Մարիսյանը ձայն տվավ քրոջը, որ մոռացած տետրակները բերի։

Ու երբ տետրակներն էլ տվինք նրա ձեռքը, հայրը նկատեց որդուն.

— Ա՛ բալամ, էրնեկ գիտենամ ի՞նչ կա էդ տետրակների միջին, որ տըհենց քշեր-ցերեկ ձեռքիցդ բաց չես թողնում։

— Դու գիտում չես, ա՛ հեր,— լսեցինք որդու պատասխանը արդեն հեռվից.— սրանց միջին գանձ կա, գանձ։

Այդ գանձից մի գոհար՝ մի փոքրիկ տղայի ձեռքով հետևյալ առավոտյան ուղարկել էր մեզ հետևյալ մակագրությամբ. «Ի նշան շնորհակալության. 1886 թ. օգոստոսի 15-ի գիշերվա մեր կոնծաբանության».

Ահա այդ գոհարը.