Կանաչ պարտեզում ես աննպատակ
Զբոսնում էի և կարմիր վարդերից
Հոտ էի առնում սաստիկ ոգելից:
Ծառերի վրա, ճյուղերի միջում
Թռչուններն էին երգում, ճլվլում,
Իսկ տակը, գետնին առուն էր հոսում
Եվ մի շատ քաղցր խոխոջ բարձրացնում:
Հանկարծ ի՞նչ տեսնեմ, հենց այդ ժամանակ
Վարդի թուփի մոտ, որպես մի հրեշտակ,
Գլուխը խոնարհ ուսի վրա թեքած
Մի չքնաղ, սիրուն աղջիկ էր կանգնած:
Սև, կրակոտ աչեր, և կամար հոնքեր,
Սև սաթի մազեր, վարդագույն այտեր,
Չինարի հասակ, կարմրաթուշ բերան,
Փոքրիկ ոտիկներ և բարակ իրան...
Ո՜հ, ա՜խ, ես մեռա՜... Որպես արեգակ
Հանկարծ նա ժպտաց և իսկույն արագ
Չքացավ, որպես երևույթ, անհետ
Եվ սիրտս ու հոգիս, ո՜հ, տարավ իր հետ...
Եվ այնուհետև միտքս մոլորած,
Ձեռքերս խաչած և քունս կտրած՝
Միշտ թափառում եմ ես այն պարտեզում,
Կարդալով այս ոտանավորը, ես ու Մարիսյանը մի կուշտ ծիծաղեցինք: Հետո Մարիսյանը լուրջ դեմք առավ և գլուխը դառնորեն շարժելով ասաց.
— Հիմա որ իսկապես պետք է խղճալ Խեչան ապորը։ Սպասիր, մի շաբաթ օրը գա, այնպես զուգեմ քո այս բանաստեղծին, որ ասի թե հա՜...
Բայց ես չսպասեցի շաբաթ օրվան, երբ Փափախչյանը