Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/135

Այս էջը հաստատված է

մութ գործեր պաշտպանող, միշտ արբած և միշտ քնատ մի աբլակատ` այդ զզվելի տիպի բոլոր բացասական հատկանիշներով։ Եվ իմ ամբողջ տրագեդիան այն էր, որ ես լիովին զգում ու գիտակցում էի այդ սոսկալի անկումը, բայց ելնել այդ տիղմից անզոր էի. ճահիճն արդեն շատ էր ինձ ծծել իր խորքը։ Եվ մի անգամ, որ խաչ էի քաշել ինձ վրա, հարություն առնելու այլևս անկարող էի զգում ինձ։

Մի անգամ, այդ մեր հարաբերությունների խզման հինգերորդ տարումն էր, փողոցում բոլորովին պատահական կերպով, երես առ երես հանդիպեցի նրան — իմ սիրո նախկին առարկային։ Այդ հանդիպումն այնքան անսպասելի էր ինձ համար, որ կարծես կայծակնահար գամվեցի տեղնուտեղս նրա առջև և ապշությունից ծափ զարկեցի ակամա: Ըստ երևույթին, նա սաստիկ վախեցավ այդ անակնկալից և, ինչպես նկատեցի, սկզբում բնավ չճանաչեց ինձ։ Եվ չէր էլ կարող ճանաչել, որովհետև իր ճանաչած նախկին միշտ լավ հագնված, լայնաթիկունք և լայնակուրծք, 24—25 տարեկան գեղեցիկ ուսանողի տեղ այժմ տեսնում էր իր առջև կեղտից պլպլացող հնամաշ վերարկուով, մազակալած երեսով, պրոֆեսիոնալ արբեցողի կարմիր քթով, կուրծքը ներս ընկած սապատավոր մի մարդ, որի բերանից էժանագին գինու, ծխախոտի և սխտորի հոտ էր փչում։ Իսկ նա ամենևին չէր փոխվել կամ, ավելի ճիշտը, փոխվել էր դեպի այնքան լավը, որ ոչ մի գեղագետ-նկարիչ չէր կարող նրա մեջ որևէ փուտ գտնել. նախկին մի քիչ նիհար, չարաճճի աղջիկը դարձել էր բարձրահասակ, փարթամ մի կին, որի մոտով անկարելի էր անցնել առանց ետ նայելու։ Իսկ հագո՜ւստը։ Ես, երևի, երբեք չէի կարող այդքան շքեղորեն հագցնել նրան և զարդարել նրա ականջները, կուրծքն ու մատները շողակներով ու մարգարիտներով, որքան էլ որ արդարանային փառավոր ապագայի վրա մի ժամանակ ունեցած հույսերս։ Ամեն բանից երևում էր, որ նա ընկել էր մի մարդու ձեռք, որը ոչինչ չէր խնայում նրա համար։

Ապշությանս հետ միասին ինձ տիրեց ակամա մի վարանում ու պատկառանք նրա այդ հաղթական շքեղության առջև, և ինքս ինձ երբեք այնքան չնչին, ողորմելի ու զզվելի