Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/139

Այս էջը հաստատված է

— Մայրս գնաց հորս հետևից։

— Քույր չունե՞ս։

— Ո՛չ մի հարազատ:

— Կուզե՞ս՝ ես քո քույրը լինեմ, դու՝ իմ եղբայրը։ Ես կխնդրեմ հորս, որ դու մեր տանն ապրես ու ինձ համար միշտ այդպիսի եղանակներ նվագես։ Հայրս բարի է, շատ է սիրում ինձ և միշտ կատարում է խնդիրքս: Դու այլևս ստիպված չես լինի փողոցեփողոց թափառել մի կտոր հացի համար: Մենք շատ հարուստ ենք:

— Ես շատ հպարտ եմ, սինյորինա:

— Իմ անունը Ջուլետտա է:

— Ես հպարտ եմ, սիրուն Ջուլետտա:

— Մենք չենք խլի քո հպարտությունը, Անտոնիո:

— Կխլեք, երբ ինձ մի կտոր հաց տաք:

Ջուլետտան մի դրամ նետեց նրա ոտքերի առջև և բարկացած հեռացավ պատուհանից: Բայց իսկույն էլ նորից մոտեցավ պատուհանին:

— Անտոնիո,— կանչեց նա:

Պատանի երաժիշտը, որ վերցրել էր դրամը և ուզում էր հեռանալ, կանգ առավ և նայեց վերև:

— Համաձայնիր գոնե, որ ամեն երեկո, ճիշտ այս ժամին, կգաս կնվագես պատուհանիս տակ:

— Կգամ: Բայց ոչ նորից սրա համար,— ասաց Անտոնիոն՝ ցույց տալով ձեռքի դրամը:

— Ա՞յլ:

— Գեղեցկության համար:

Այս անգամ պատանի երաժշտի ոտների առջև ընկավ գեղեցիկ աղջկա կրծքի կարմիր մեխակը:

3

Ու գալիս էր։

Ամեն երեկո, երբ արևի վերջին ճառագայթները էլեկտրական լույսեր էին վառում պալացցոների պատուհաններին, Ջուլետտայի լսողությունը փաղաքշում էին միշտ նոր, միշտ դյութիչ հնչյունները։

— Անտոնիո, մի՞թե այնքան հպարտ ես, որ չես համաձայնի