Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/140

Այս էջը հաստատված է

բարձրանալ ինձ մոտ, իմ սենյակում նվագելու։

Անտոնիոն լուռ բարձրացավ Ջուլետտայի սենյակը։

— Անտո՛նիո, մի՞թե այնքան հպարտ ես, որ չես համաձայնի ինձ հետ մի զբոսանք կատարելու ծովի վրա։

Լուսնի կաթնագույն լույսի տակ, ծովի հանդարտ ջրերի վրա մեղմիկ սահում էր մակույկը, և գիշերային անհուն խաղաղության մեջ տարածվում էին դյութական հնչյունները։ Ամբողջ բնությունը, կարծես լսողություն դարձած, ականջ էր դնում այդ հնչյուններին, որոնք թևատարած, սահուն ու թեթև, թռչում տարածվում էին չորս բոլորը և մարում ծովի խաղաղ ջրերի մեջ, պարզ ու թափանցիկ օդի մեջ։

— Անտո՛նիո, մի՞թե այնքան հպարտ ես, որ թույլ չես տա գլուխս դնեմ ծնկանդ վրա:

— Օ՜...— հառաչում է միայն պատանի արտիստը վառված աչքերով, և նրա կնտնտոցի տակ ջութակի հնչյունները նոր թափ են առնում նոր, մինչ այդ չլսված նյուանսներով:

Ջուլետտայի ոսկեգանգուր գլուխը հանգչում է Անտոնիոյի ծնկան վրա, և թավշյա աչքերը հիացքով, սիրով ու երջանկությամբ վարից վեր նայում են պատանի երաժշտի վերասլաց դեմքին։ Մակույկի մեջ, լուսնի կաթնագույն լույսի տակ, ինչպես ձյուն, փայլում էր նրա սպիտակ թեթև հանդերձը, որով նա նմանում էր իսկական հավերժահարսի՝ ընկղմված ծովի փրփուրների մեջ։

Պատանի արտիստը վերից վար նայում էր իր ծնկան վրա հանգչող երազական գեղեցկությանը, և ինքը ևս զարմանում էր, թե այն ի՞նչ նոր հնչյուններ են, որ իր ձեռքի շարժումից գեղում է ջութակն այնքան տիրականորեն:

— Անտո՛նիո, մի՞թե այնքան հպարտ ես, որ մի համբույր չես տալիս։

Ջութակը լռում է։ Պատանի արտիստը կամաց խոնարհվում է հավերժահարսի դեմքի վրա, նրանց մազերը գրկախառնվում են, և թրթռուն շրթունքները միանում մի բոցոտ համբույրի մեջ։

— Անտոնիո, Անտոնիո...

— Ջուլիետտա, Ջուլիետտա...