Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/142

Այս էջը հաստատված է
5

Անցան տարիներ։

Նորից Վենեցիան։

Քաղաքի ամբողջ մամուլն ավետեց հռչակավոր ջութակահար Անտոնիո Բոնվինիի գալուստը, որ իր միակ կոնցերտը պիտի տար Մեծ թատրոնում։ Վերջին ժամանակները ոչ միայն իտալական, այլև եվրոպական ու ամերիկյան ամբողջ մամուլը խոսում էր այդ նոր փայլուն աստղի մասին. որ երևացել էր երաժշտական հորիզոնի վրա։

Կոնցերտի գիշերը թատրոնում ասեղ գցելու տեղ չկար։ Այնտեղ էր քաղաքի ամբողջ բարձր դասակարգը։

Անտոնիո Բոնվինի... Ամենքն անհամբեր սպասում էին նրա ելույթին։

Եվ ահա, վերջապես, դուրս եկավ նա բեմ։

Ու ամբողջ դահլիճը գրեթե միաբերան հառաչեց։

Մի՞թե սա այն Անտոնիոն չէ, որին ճանաչում էր ամեն մի վենեցիացի, այն պատանի ջութակահարը, որ միջնադարյան տրուբադուրի նման շրջում էր քաղաքից քաղաք, փողոցից փողոց, պատուհանների տակ նվագում էր սերենադներ:

Այո՛, այո՛, նա է, նա ինքը, որովհետև — ահա՛ նույն հնչյունները, բայց այս անգամ արդեն առնականորեն հասուն, ինքնավստահ, ինքնամփոփ, երբեմն վերասլաց, երբեմն մարտակոչի խիզախ ավյունով լեցուն։

Ու որքան այդ հնչյունները դյութիչ էին, այնքան գեղեցիկ ու հմայիչ էր ինքը՝ Անտոնիո Բոնվինին, բարեկազմ հասակը, հրացայտ աչքերը, վառված դեմքը, հանճարեղ ճակատը, ականջների մոտ ցրված երկար փայլուն մազերը, բոլորը, բոլորը մի սքանչելի ներդաշնակություն էին կազմում նրա ջութակի մոգական հնչյունների հետ։

Երբ վերջին հնչյունները թրթռալով մարեցին գերեզմանային լռության մեջ, և արտիստը հեռացավ բեմից, ամբողջ դահլիճը դեռևս պահ մի նստած էր լուռ ու անշարժ, կարծես անհունորեն քաղցր մի երազանքի մեջ կախարդված։ Ու հետո հանկարծ, որպես մի գերեզմանոց մեկեն հարություն առնի, ամբողջ դահլիճը շարժվեց ու թնդաց որոտագին.