Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/144

Այս էջը հաստատված է
«Հայրս ասաց, որ իմ և քn միջև անանց անդունդ
կա: Մենք վերևն ենք, դու՝ ներքևը: Էլ մի՛ գա:
Մոռացիր ինձ»:

Անտոնիոն նամակը ետ առավ նրա թուլացած ձեռքից և, նորից խնամքով պահելով հուշատետրի մեջ, ասաց.

— Ավա՜ղ, սինյորա, ներեցեք ինձ, որ ես չլսեցի ձեզ և թեպետ այլևս չեկա ձեզ մոտ, բայց չմոռացա ձեզ, այլապես ձեր այս նամակն այսպես խնամքով չէի պահի ինձ մոտ։ Սա մի անգնահատելի գանձ է, որ դուք պարգևեցիք ինձ, և այս գանձն աչքիս լույսի պես կպահեմ մինչև մահս, որովհետև եթե ձեր այս նամակը չլիներ, ես թերևս այն չլինեի, ինչ որ եմ այժմ։ Ես չմոռացա ձեզ, այո՛, բայց, ինչպես երևում է, դուք մոռացել եք այն անդունդը, որ մեզ բաժանում էր իրարից։ Դուք վերևն էիք,— ես՝ ներքևը, և այդ ձեզ իրավունք էր տալիս արհամարհանքով նայելու դեպի ներքև: Բայց դուք հաշվի չէիք առել, որ ներքև գտնվողները երբեմն թևեր են առնում, թռչում վերև, և, վրիժառության զգացումով լեցուն։ Այն օրը, որ դուք ձեր բարձունքից արհամարհանքով մերժեցիք ինձ — ներքև գտնվողիս, ես երդվեցի վրեժ առնել և, դրա համար ուրիշ միջոց չգտա, բայց եթե միայն բարձրանալ, միշտ բարձրանալ, անդադար բարձրանալ, մինչև որ իր ձեռակերտ ապարանքի բարձունքից ինձ վրա նայող քմահաճույքն ինքը գար իմ անձեռակերտ բարձունքի առջև ծնրադրելու։ Այսօր ես հասա իմ նպատակին։ Բայց նորից սիրել նրան, ով խաղում է ուրիշի նվիրական զգացումների հետ, ով տարբերություն է գնում վերևի և ներքևի միջև, ավա՜ղ, սինյորա, ես չեմ կարող։

------

Այսպես էր վերջանում իտալական սիրավեպը։

Մի սիրավեպ՝ հար և նման իմ սիրավեպին, մի սուր հակադրությամբ միայն. այստեղ ես էի — իմ բուրժուական միջավայրի հարազատ ծնունդը, տաքուկ ապրելու սովոր, կամազուրկ, փափկամարմին մի ինտելիգենտ, որ առաջին իսկ հարվածից ընկնում է այլևս չելնելու համար, իսկ այնտեղ