Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/146

Այս էջը հաստատված է

ազատության դրոշակը։ Իրավ, օրիորդնե՜ր և պարոններ, սոսկալի է, երբ մտածում ես, թե ի՜նչ զարհուրելի բռնություն է գործ դնում կրոնը մարդու խղճի և մտքի ազատության վրա։ Տխուր մտածմունքներն և դառն իրականությունն ինձ թելադրում են ասելու, որ մենք՝ տասնիններորդ դարու զավակներս, դեռևս շատ հեռու չենք գնացել հին և միջին դարերից, երբ մարդկանց վրա տիրապետող տարրը՝ բառիս բուն նշանակությամբ՝ կրոնն էր կազմում, և ամեն ինչ կրոնի անունով էր։ Մարդկային քաղաքացիական, բարոյական և սոցիալական կյանքի պայմաններն ու երևույթները ենթարկվում էին կրոնական խիստ կոնտրոլի, որն անխուսափելի էր և որից մի մազի չափ շեղվելու համար անգամ մարդիկ իրենց կյանքն էին հատուցանում։ Արդ, ինքներդ խոստովանեցեք, օրիորդնե՜ր և պարոննե՜ր, արդյոք մենք ևս նույն դրության մեջ չե՞նք այժմ, մենք, որ ապրում ենք նոր, լուսավորյալ կոչված դարում. արդյոք մեզանից յուրաքանչյուրն յուր խղճի և մտքի ազատության վրա չի՞ զգում կրոնի բռնության անտանելի լուծը, ինչպես այդ զգում էր հին և միջին դարերում յուրաքանչյուր մարդ... Օրիորդնե՛ր և պարոննե՜ր, բավական է, որքան իբրև կրոնական ազգ ապրեցինք, ապրենք այժմ էլ իբրև քաղաքական ազգ. ամաչենք, վերջապես, լուսավոր Եվրոպայից. մենք ամեն բան ընդունել ենք նրանից, բայց որն ամենակենսականը և ամենաանհրաժեշտն է մեր խղճի և մտքի ազատության համար, դրանից խուսափում ենք, կարծես վախենում ենք դրանից։ Դատապարտելի է միանգամայն այն ազգը, որ դիտմամբ իրեն կրոնի տրամադրության տակ է դնում։ Ո՞ր ազգն է կրոնով առաջացել, որ մենք առաջանանք.— ո՜չ մի ազգ։ Կրոնը մարդկանց համար է ստեղծված և ոչ թե մարդիկ կրոնի համար։ Ես վերջացնում եմ իմ խոսքս, օրիորդնե՜ր և պարոննե՜ր, և հարցնում եմ. որ երանելի չի՞ լինի արդյոք այն մարդը մեզանում, որ առաջին անգամ քաջություն կունենա բառնալու կրոնի բռնությունն ամուսնական հարցում, որովհետև, կրկնում եմ, մեր բոլոր կենսական խնդիրների շարքում այսօր ամուսնական խնդիրն է, որ գայթակղության քար է դարձել և որը պահանջում է յուր շուտափույթ լուծումը...