Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/148

Այս էջը հաստատված է

սագերն իսկույն սոսկալի աղմուկ պիտի բարձրացնեին և ինքն ամեն կողմից զարհուրելի հալածանքի պիտի ենթարկվեր։ Սակայն այդ նրան բոլորովին երկյուղ չէր պատճառում. ընդհակառակն, այն գիտակցությունը, որ նա պիտի «զոհվեր» յուր սրբազան կոչումին, նրան ավելի եռանդ, ավելի ուժ էր ներշնչում յուր ընտրած փշյա ճանապարհովն առաջ ընթանալու, որովհետև պատմությունը նրան շատ օրինակներ էր տալիս, որ բոլոր դարերի և բոլոր ազգերի մեջ առհասարակ նոր մտքի, նոր գաղափարի «ինիցիատորը» միշտ հալածանքի է ենթարկվել, նույնիսկ մահվան. օրինակ՝ Գալիլեյը, Հուսը, Լութերը և այլն, և այլն։

Այլապես անկարելի է. քանի որ հասարակությունը, որի մեջ բնականաբար խոր արմատներ են ունենում հին սովորությունները, մի անգամից անընդունակ է նոր գաղափարները հասկանալու, ըմբռնելու, ուրեմն և դրանց յուրացնելու, ուստի նա միշտ ընդդիմանում և չարաչար պատերազմ է մղում նոր գաղափարների դեմ, որոնք նրա անսովոր աչքերին ու մտքին հրեշավոր, այլանդակ բաներ են թվում։ Մասխարյանցը շատ լավ գիտեր, որ այդ հոգեբանական մի ճշմարտություն էր, որ անթիվ անգամ ապացուցված էր մարդկային առաջադիմության պատմության ամբողջ ընթացքում։

Ուրեմն թող անշարժ, փտած, նեխած հասարակությունն ի՛նչ հալածանքի ուզում է ենթարկե իրեն, թո՛ղ ճշմարտության և լույսի համար նահատակվածների թվում մեկն էլ ինքը լինի,— Մասխարյանցն այդ ուրախությամբ կտանե և կտանե այն քաղցր, այն երջանիկ հուսով, որ, վերջապես, կգա ժամանակ, երբ ապագա սերունդը կհասկանա նրան, կդատապարտե յուր նախորդների հրեշավոր արարքն և— ինչո՞ւ չէ— յուր մինչև այն ժամանակ անխնամ թողած շիրիմի վրա փառքի արձան կկանգնեցնե...

3

Մասխարյանցն այն աստիճան հափշտակված էր այդ մտքերով, որ բոլորովին չիմացավ, թե ինչպես անցավ ճանապարհը և հասավ հյուրանոց, ուր ամեն գիշեր սովորություն ուներ գնալու։ Նա բարձրացավ սանդուղքով, անցավ