Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/152

Այս էջը հաստատված է

շղթան, մեր տգիտության, մեր խավարամտության, մեր հետադիմության շնորհիվ, և այդ շղթան ո՞վ է կռում,— զարհուրելի՜ է.— կրո՜նը, եկեղեցին... Բայց ես առաջինը կլինեմ մեզանում, որ կփշրեմ այդ շղթան և ցույց կտամ խավարի մեջ նեխած մեր կրոնականներին, որ կրոնը, եկեղեցին ոչինչ են, որ մարդու, ազատ մարդու համար կա միայն մի ինչ և այդ մի ինչը խղճի և մտքի ազատությունն է...

Նա գնաց յուր սենյակը, բայց նույն րոպեին դարձյալ ներս մտավ։

— Վերջին անգամն եմ ասում,— գոռաց նա, — այսուհետև այլևս չհամարձակվես ինձ մի որևէ հարց առաջարկելու, թե ինչո՞ւ ուշացա, որտե՞ղ էի և այլն։ Այս վերջին տարումս դու իմ հոգին այստեղ հասցրիր (նա ցույց տվավ յուր կոկորդը)։ Բավական է, որքան ես քեզ հետ խարազ գևոյություն ու փինաչի մաթոսություն արեցի. այլևս չեմ կարող... ես չեմ կարող ճնշել իմ մեջ (նա ձայնը ավելի բարձրացրեց) խղճի և մտքի ազատությունը, հասկանո՞ւմ ես, թե ոչ, չե՜մ կարող. այդ մի սոսկալի սրբապղծություն է, որ հակառակ է իմ դատողությանս, իմ գաղափարներիս, իմ հոգուս։

Նա մի քայլ առաջ դրեց դեպի կինը և ձայնը ցածրացնելով, շարունակեց.

— Ես այլևս չեմ կարող քեզ հետ կենակցել, հասկանո՞ւմ ես, թե ոչ։ Կենակիցները պետք է միմյանց հասկանան, բայց երբ չեն հասկանում, ինչո՞ւ են միասին ապրում։ Ասա խնդրեմ, մինչև ե՞րբ պետք է քեզ հետ կերակրի, լվացքի, երեխայի հագուստի և այլ այսպիսի հիմար բաների մասին խոսեմ. քաղաքակիրթ և քաղաքական աշխարհում հազար ու մի խնդիրներ, դեպքեր, մտքեր են հուզում, տնտեսական, քաղաքական և սոցիալական նորանոր հարցեր են արծարծում, իմ ուղեղս էլ պահանջում է դրանց մասնակից լինել, բայց դու կարո՞ղ ես ինձ հետ մտածել, խորհել, լոգիկապես դատել, դու, որ իմ կյանքի ընկերն ես, ինձ հետ միասին ապրում ես... Վերջապես, ի՞նչ ես ուզում ինձանից. ինչո՞ւ չես գնում մի այնպիսի մարդու մոտ, որ քեզ կհասկանար և որին դու կհասկանայիր։ Գնա, ես քեզ ազատություն եմ տալիս, միայն թե ինձ էլ ազատ թող... Ես խո չե՞մ կարող իմ ամբողջ կյանքս թունավորել միայն նրա համար, որ եկեղեցումը