Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/154

Այս էջը հաստատված է


յուր սենյակը, դուռն ամուր շրխկացրեց յուր հետևից։

Թամարն ընկավ դռան մոտ ծնկների վրա, դեմքը ծածկեց ձեռքերով և սաստիկ, զսպած հեկեկանքը խեղդեց նրա կոկորդը։

Փոքրիկ, երեք տարեկան աղջիկը, որ հոր գոռում-գոչյունների վրա արթնացել, նստել էր մահճակալի վրա և, ոչինչ չհասկանալով, լուռ վկա էր սենյակում հոր և մոր միջև պատահած անցքին, այժմ լսելով մոր հեկեկանքը, ինքն էլ սկսեց լաց լինել։

------

Հետևյալ օրը գիշերը երկաթուղու երրորդ կարգի վագոններից մինում նստարանի անկյունում շալի մեջ փաթաթված, կուչ եկած նստած էր Թամարը, իսկ գլուխը նրա ծնկանը դրած, փոքրիկ վերմակի տակ, պառկած քնած էր նրա աղջիկը։ Նրա գլխի վերևը — փոքրիկ դարակի վրա ուրիշների ճամպրուկների, կապոցների, արկղիկների հետ սպիտակին էր տալիս և նրա մի ոչ այնքան մեծ կապոցը, որի մեջ էր այն բոլորը, ինչ որ նա տանում էր յուր հետ ամուսնու տնից։

Նա գնում էր Շ... յուր հորանց տուն։

Նրա աչքերը շատ լաց լինելուց կարմրել, ուռել էին, սիրտը լցված էր. ամեն մի րոպե պատրաստ էր հեկեկալու։ Ախր ի՞նչ էր արել ինքը, ի՞նչ... ի՞նչ մեղք էր գործել, որ ամուսինն այդպես խայտառակ կերպով վռնդում էր յուր մոտից... Նա այնքա՜ն սիրում էր Գրիգորին, այնքա՜ն նվիրված էր յուր տուն ու տեղին, ուրեմն ուրիշ էլ ի՞նչ էր ուզում Գրիգորը նրանից...

«Իհարկե, նա սիրում է ուրիշին և ինձ դուրս է անում», մտածում էր Թամարը և որքան նա աշխատում էր ուրիշ կերպ բացատրել յուր ամուսնու վարմունքը, դարձյալ և դարձյալ պատճառն այն էր դուրս գալիս, ինչ որ մի անգամից տպավորվել էր նրա ուղեղում։

1889