Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/158

Այս էջը հաստատված է

էրվես դու։ Անտեր անեմ քու էդ փողերը, պահում էիր, որ քելեխ անե՞ս։ Ուզեց՝ կտայիր, է՛լի. ի՞նչդ կպակսեր, ե՞րբ չէիր տվել, որ հիմի չտվիր, և նա էլ գնաց Քուռը գցեց իրան։ Դե երբ որ որդուս մահվան պատճառը դառար, էլ քեզ ի՞նչ եմ անում, էլ դո՞ւ ինչիս ես պետք, էլ ի՞նչ սրտով նայեմ քեզ, կարոտե՞լ եմ էդ քաչալ գլխիդ...

Աղա Մարտինը սրտի խորքում, իհարկե, զգում էր, որ որդու կորստյան պատճառը ինքն է, ուստի կնոջ հանդիմանություններն ու անեծքները սկզբում լսում էր առանց ձայն-ծպտուն հանելու իբրև արժանի հատուցում, բայց հետո, երբ կինը արդեն չափից անցավ, և թվում էր, թե անվերջ պիտի շարունակեր, մանավանդ որ այդպիսի դեպքերի համար պահած «քաչալ» բառն էլ մեջտեղ նետեց, էլ չհամբերեց և մեկեն պայթեց ամպի գոռոցի պես.

— Դե հերիք է ճղճղաս, այ կնիկ, թե չէ, մեկ էլ տեսար տվի երկու կես արի էդ քաչալ գլուխդ։ Իմ դարդը հերիք չի, դու էլ մյուս կողմից ես կատաղած շան պես վրա պրծնում։

Հետո տեսնելով, որ ինքն էլ չափից անցնում է, տոնը մեղմացրեց և, մասամբ էլ կնոջը սիրտ տալու համար, ավելացրեց.

— Մի՛ վախենա, նա էն պտուղը չի, որ գնա Քուռը գցի իրան։ Ով գիտի ո՛ր ավարեքի հետ է օր ու գիշեր լուսացնում։ Խո լսել ես անառակ որդու պատմությունը, երբ որ կսկսի քաղցած զկռտալ, ինքն իրա ոտովը կգա։

Եվ իսկապես, աղա Մարտինի անառակ որդին հենց այդ օրը եկավ, բայց ոչ թե իր նախատիպի պես զղջալով, այլ քիթ ու մռութը կախ և ամենքի հետ խռով։ Ու երբ սկսեցին հարցուփորձ անել, թե ո՛րտեղ էր, ինչո՛ւ տուն չէր գալիս, ձայն-ծպտուն չէր հանում, նստած էր հնդուհավի պես փքված։ Ճաշին ինչքան կանչեցին, դուրս չգնաց ճաշելու։ Մայրը ստիպված եղավ ինքն իր ձեռքով բերելու նրա բաժինը։ Որդին կատաղեց.

— Տա՛ր, թե չէ դուրս կշպրտեմ։

— Շաշ-շաշ մի՛ խոսի, կեր,— ասաց մայրը հանգիստ կերպով և դուրս գնաց։ Հետո, որ մտավ տեսնելու՝ կերե՞լ է, թե իսկապես դուրս շպրտել, տեսավ, որ ոչ միայն կերել է, այլև ամանները լպստել։