Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/162

Այս էջը հաստատված է
3

Հետևյալ օրը առավոտյան փեսացու պոդպորուչիկն անակնկալ կերպով եկավ, ասաց, թե տնից հեռագիր է ստացել, հայրը ծանր հիվանդ է, շտապ կանչում են իրեն, արդեն արձակուրդ է վերցրել և այդ օրվա տասնմեկին գնացքով մեկնելու է, ուստի եկել է մնաք բարով ասելու։

Աղա Մարտինը իր հաշիվների վրա երկար չարչարվելուց հետո գիշերը շատ ուշ էր պառկել և, ըստ երևույթին, դեռ քնած էր։ Կինը շտապեց նրան զարթնեցնելու։ Բայց ննջարանի դուռը բանալուն պես ակամա կանգ առավ շեմքին։

— Էս ինչ է,— ասաց ծայր աստիճան ապշած։

Նրա աչքերին ներկայացավ հետևյալ տեսարանը.

Բարձերն ընկած էին մահճակալի մի կողմը, վերմակը և սավանը հատակի վրա, ներքնակը կիսով չափ կախ էր ընկած մահճակալից, աղա Մարտինի հագուստը, կոշիկները, հողաթափերը և գուլպաները թափթփված էին ցաքուցրիվ, սեղանը, աթոռներն անկարգ շարժված էին դեսուդեն, իսկ ինքը՝ աղա Մարտինը, չէր երևում։ Հետո միայն տիկին Անանին տեսավ, որ մի ինչ-որ ահագին սպիտակ բան շարժվում է մահճակալի տակ։ Դա ինքը աղա Մարտինն էր ներքնաշորերով, մերկ ոտներով ու գանգով։ Կարծես հսկայական մի գորտ ոտները տարածած փորսող է տալիս մահճակալի տակ։ Տեսարանն այնքան տարօրինակ էր, որ առաջին րոպեներին կինը կարծեց, թե մարդը կապալի անհաջողությունից խելագարվել է, և ուզում էր սարսափահար դուրս վազել օգնություն կանչելու։ Բայց այդ միջոցին աղա Մարտինը տնքտնքալով, ամբողջովին կաս-կարմիր կտրած, դուրս սողաց մահճակալի տակից և երկու ձեռքի վրա հենվելով հազիվհազ կարողացավ իր ահագին մարմինը բարձրացնել ոտների վրա։

— Այ մա՞րդ, ի՞նչ էիր շինում մահճակալի տակ,— հարցրեց կինը։

— Աստված ո՛չ գիտի սատանի գլուխն ու արևը,— ասաց աղա Մարտինը ծանր հևալով, որից նրա սարի պես ցցված փորը բարձր ու ցածր էր անում շապկի տակ։ Ասաց և արյունով