Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/166

Այս էջը հաստատված է

ուտելով։ Էլ խոսք չէր գտնում արտասանելու։ Որդու հանգիստ համառությունը միանգամայն զինաթափ էր արել նրան։

— Ա՛յ մարդ, դու էլ ինչ ես սատանի ձին նստել,— դիմեց նրան կինը,— գնա բեր, իրան սևցրու, էլի՛, որ տա։

— Օ՛հ, ասում եմ, էլի՛, քու ծնունդը չորանա, քու ծնունդը,— կրկնեց աղա Մարտինը ծանր հառաչանքով և շտապով դուրս գնաց։ Մի-երկու րոպեից վերադարձավ և մի հարյուրանոց թղթադրամ շպրտեց որդու երեսին։

Վանիչկան նախ փողը վերցրեց, պահեց ծոցում, հետո մոտեցավ պատի վառարանին, բաց արեց ծխնելույզի անցքի դռնակը, այնտեղից հանեց հոր պարիկը թղթի մեջ խնամքով փաթաթած և տվավ հորը։

Պարիկը ծխնելույզի անցքի մեջ էր պահել, որ եթե սենյակը խուզարկեն, չգտնեն։

1890

ԱՄԻՐՅԱՆԻ ՏՐԱԳԵԴԻԱՆ
1

Բագրատ Ամիրյանը ամառվա արձակուրդին վերադարձավ քաղաք, ուր ապրում էին նրա պառավ մայրը, քույրը և եղբոր երկու երեխաները, որոնք ծնողների մահից հետո մնացել էին նրանց խնամքի տակ։ Վերադարձի հենց երկրորդ օրը գնաց բժշկի մոտ։

Բժիշկը, տեսնելով նրա ողորմելի արտաքինը, սկզբում գործարանի հասարակ բանվորի տեղ ընդունեց նրան և, ըստ երևույթին, այդպես էլ ուզում էր վարվել նրա հետ — անփույթ, անուշադիր և մի քիչ էլ կոպիտ կերպով, բայց հետո, որ իմացավ ուսուցիչ է, զարմացավ և ավելի քաղաքավարի ու խնամքոտ վերաբերմունք ցույց տվեց։ Ամեն կերպ թրխկթրխկացրեց նրա կմախքացած կուրծքը, կողերն ու մեջքը, խողովակի միջով ականջ դրեց նրա շնչառությանը, լեզուն հանել տվավ, աչքերի ներքին կոպերը մատներով ցած քաշելով՝ խոր նայեց սպիտակուցներին, մի խոսքով՝ ամենայն